Մալաթիա-Սեբաստիա տարածքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` Սեդրակ Զատիկյանի սպանությունը պատվիրելու վերաբերյալ գործով դատավճիռը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին, հաղորդում է Փաստինֆոն:Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի՝ դատավոր Տիգրան Պետրոսյանի նախագահությամբ, այսօրվա նիստում սպանության պատվերը տալու մեջ մեղադրվող Ստեփան Հակոբյանը միացավ իր պաշտպանի հնչեցրած պաշտպանական ճառի հիմնավորումներին ու արդարություն պահանջեց:
Իր 72 թերթանոց պաշտպանական ճառում ամբաստանյալի պաշտպան Երեմ Սարգսյանը հայտարարել էր, որ գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ու դատարանում հետազոտված ապացույցները թույլ են տալիս հայտարարելու, որ գործը ենթակա է կարճման, իսկ իր պաշտպանյալը՝ արդարացման: Երեմ Սարգսյանը միջնորդել էր դատարանին անպարտ ճանաչել ու արդարացնել իր պաշտպանյալին, վերացնել նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը և ազատ արձակել դատարանի դահլիճից:
Ըստ պաշտպանի՝ գործով նախաքննությունն անց է կացվել քրեադատավարական և այլ օրենքների բազմաթիվ էական խախտումներով, այդպիսի պայմաններում ձեռք բերված ապացույցները չեն կարող թույլատրելի ճանաչվել:
Մասնավորապես, ըստ պաշտպանի, գործով նախաքննության ընթացքում մի շարք վկաների, ինչպես նաև Ս.Զատիկյանի սպանության մայր գործով դատապարտյալներ Արթուր Հովհաննիսյանի ու Լուսինե Ղևոնդյանի ցուցմունքները ձեռք են բերվել օրենքների կոպիտ խախտմամբ, բռնությունների ու հոգեբանական ճնշման գործադրմամբ:
Ե.Սարգսյանի կարծիքով՝ ոչ օբյեկտիվ, թերի, մակերեսային ու ձևական է կատարվել նաև Հատուկ քննչական ծառայության կողմից իրականացված քննությունը վկաների ու դատապարտյալի հանդեպ բռնությունների վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ:
Իսկ մեղադրող Արմեն Մարուխյանն իր մեղադրական ճառում միջնորդել էր ամբաստանյալ Ստեփան Հակոբյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: Մեղադրողը՝ հակառակը, նախաքննության ու դատաքննության ապացույցներով հիմնավորված էր համարել Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը, ըստ որի` Ստեփան Հակոբյանը Նարեկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նախկինում ունեցած վեճի պառճառով վրեժխնդիր լինելու նպատակով, Արսեն Առուշանյանին նյութապես շահագրգռելով՝ դրդել է պատվիրել սպանել Սեդրակ Զատիկյանին:
Մեղադրողը հիմնավորված էր համարել նաև ապօրինի կերպով փամփուշտներ ձեռք բերելու ու մինչև 2006թ. հունիսի 23-ն ապօրինի կերպով պահելու՝ Ստեփան Հակոբյանին առաջադրված մեղադրանքը. փամփուշտները հայտնաբերվել էին 2006 թվականի հունիսի 23-ին` իրեն պատկանող տանը կատարված խուզարկությամբ: Սեդրակ Զատիկյանը սպանվել էր 2006թ. հունիսի 22-ին` Սեբաստիա փողոցում: Արձակված կրակահերթից մահացել էր նաև պատահական մի անցորդ՝ երեք անչափահաս երեխաների մայր Կարինե Սարգսյանը:
Ըստ մեղադրողի` Ստեփան Հակոբյանի մեղադրանքը հիմնավորվում է վկաներ Ահարոն Հակոբյանի ու Արամայիս Սեդրակյանի նախաքննական ցուցմունքներով: Նրանք դատարանում հրաժարվել էին այդ ցուցմունքներից և հայտնել, որ դրանք իրենց նկատմամբ քննության խորթ մեթոդների կիրառման հետևանք են: Մեղադրող կողմը անարժանահավատ է համարում դատաքննական ցուցմունքները, որոնք, ըստ նրա, նպատակ ունեն ամբաստանյալին ազատել պատասխանատվությունից: Վկաերի այս հայտարարությունները, ըստ մեղադրողի, հերքվել են Հատուկ քննչական ծառայության կողմից, իսկ քրեական գործի հարուցումը՝ մերժվել՝ հանցադեպի բացակայության հիմքով:
Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
Tags: դատավճիռ, Սեդրակ Զատիկյան