2001-2006թթ. որպես ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ պաշտոնավարած Սամվել Հովհաննիսյանի գործով այսօրվա նիստին վերջապես ներկայացավ գործով վկա, «պրոֆեսոր» մականունով «հեղինակություն» Արթուր Խուրշուդյանը: 4 անգամ դատապարտված Խուրշուդյանը վերջին անգամ 4,5 տարվա ազատազրկման պատիժը կրելուց հետո ազատ է արձակվել,հաղորդում է Փաստինֆոն: Վկան բերման էր ենթարկվել դատարան: Այս կապակցությամբ Ա.Խուրշուդյանը նշեց, որ առողջական վիճակը թույլ չի տալիս, հազիվ է տեղից վեր կացել ու ոստիկանների ուղեկցությամբ եկել դատարան: Վկան հաստատեց գործով մեկ այլ վկա Ռոբերտ Տոնոյանի ցուցմունքները, ըստ որի՝ 2012թ. Սամվել Հովհաննիսյանը Ռ.Տոնոյանի միջոցով դատապարտյալ Ջամալ Սլոյանին սպանելու պատվեր է տվել: Ըստ Ա.Խուրշուդյանի՝ Ռոբերտ Տոնոյանն եկել է իր մոտ՝ «Դատապարտյալների հիվանդանոց», և ասել, որ Թելմանիչը, խոսքը Սամվել Հովհաննիսյանի մասին է, ասել է՝ «պրոֆեսորին» ասա, թող Ջամալ Սլոյանի գլուխն ուտի: Հեղինակությունն անգամ վիրավորվել է՝ «ես ի՞նչ է, քիլլե՞ր եմ» և ստացել պատասխան՝ «ուզում է, որ 100 տոկոս գլուխն ուտեն»: Վկան հայտնել է, որ ոչ ինքը, ոչ էլ Ռ.Տոնոյանն այդ քայլին գնացողներից չեն, ուստի կանխելու համար որոշել են պարզել, թե ով է պատվիրատուն՝ Սամվել Հովհաննիսյանից բացի: «Սլավիկ»-Սամվել Հովհաննիսյանն իր հետ հեռախոսով կապվել է և պահանջել արագացնել գործը, սակայն Ա.Խուրշուդյանն իր հերթին պահանջել է հանդիպել և խոսել «Սլավիկի» հետ, սակայն ապարդյուն: Ըստ վկայի՝ առաջին խոսակցությունը Ռ.Տոնոյանի հետ «թռուցիկ է եղել», ինքն այն լուրջ չի ընդունել, սակայն հետագայում լսել է Ռոբերտ Տոնոյանի ու Սամվել Հովհաննիսյանի ձայնագրությունները: Ինքը տեղյակ է եղել, որ Տոնոյանը դիմել է իրավապահ մարմիններին ու Քրեակատարողական ծառայության պետի տեղակալին: Սպանությունը, ըստ «ծրագրի», պետք է լիներ կոկայինի մեծ չափաբաժնի օգնությամբ: Ըստ վկայի՝ Ջամալ Սլոյանը թմրանյութ չէր օգտագործում, սակայն ամեն մարդ էլ կարող է մի անգամ օգտագործել: Իսկ թե ինչպես պետք է կոկայինը մուտք գործեր քրեակատարողական հիմնարկ, «կքննարկեինք այն դեպքում, եթե համաձայնվեի սպանություն կատարել»: Վկան համոզված էր, որ 100 հազար դոլար փող են վերցնում, իսկ իրեն առաջարկել են միայն 6000-7000: Ա. Խուրշուդյանը պնդեց իր նախաքննական ցուցմունքները, ինչպես նաև՝ Սամվել Հովհաննիսյանի հետ առերես հարցաքննության ժամանակ իր ասածները, ճիշտ են նաև դատաքննության ցուցմունքները՝ «ճիշտը չասեմ, որ գնամ նորից նստե՞մ»: Վկան հայտնեց, որ Ջամալ Սլոյանը զանգահարել, իրեն շնորհակալություն է հայտնել: Ջ.Սլոյանն, ի դեպ, ազատվել է կալանավայրից: ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը, սպանության համար դատապարտված Ջամալ Սլոյանը «օրենքով սահմանված կարգով վաղաժամկետ ազատ է արձակվել»: Շարունակությունը`սկզբնաղբյուր կայքում:
