Խորհրդարանում ավարտվեց 49 պատգամավորների պահանջով արտահերթ քննարկումը

ubZBF9IO5BSByUPr32VNvB9FxeԽորհրդարանում ավարտվեց դեկտեմբերի 2-ին ԱԺ չորս խմբակցությունների` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ և Ժառանգություն, 49 պատգամավորների պահանջով արտահերթ կարգով քննարկման դրված «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի պարտադիր բաղադրիչի ուժի մեջ մտնելու ժամկետը 2014թ․ հունվարի 1-ից հետաձգելու օրինագիծը։ Քվեարկությունը կկազմակերպվի վաղը:

Մինչ այդ ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը շարունակեց նախօրեին կիսատ մնացած ելույթը` մեկ անգամ ևս հայտարարելով, որ ՀԱԿ-ը մերժում է առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումը: Ըստ նրա, նման բարեփոխումները  շոկային թերապիայի բարեփոխումների դասին են պատկանում, որոնք կարող են իրականացվել միայն այնպիսի կառավարությունների կողմից, որոնք ունեն ժողովրդի անվերապահ վստահությունը, մինչդեռ ներկայիս հայաստանյան կառավարության դեպքում բարեփոխման հիմքում ընկած լավ գաղափարներն էլ կոչնչանան:

«Կուտակային հիմանդրամների գործը նորից կտրվի իշխանավորների մերձավորներին, ինչը կբերի չարաշահումների և յուրացումների»,-համոզված է Զուրաբյանը:

Նրա խոսքով` ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների ֆեյսբուքյան խմբում կան այն բոլոր անհրաժեշտ վերլուծությունները, և անգամ ամենաունևորն ու հաջողակներն էլ այսօր գտնվում են այնպիսի ծանր վարկային բեռի տակ, որ սա կարող է փլուզել նրանց ֆինանսական վիճակը:

Ինչ վերաբերում է 1974 թվականից հետո ծնվածների դեպքում օրենքի կիրառմանը, ապա Զուրաբյանը դա ակնհայտ խտրականություն է համարում:

Մատնանշելով ևս մի քանի բացասական կողմեր կառավարության կողմից առաջարկվող բարեփոխման մեջ, պատգամավորը հայտարարեց. «Այս գաղափարի հաջողության բանալին վստահությունն է, որը սակայն չի կարող ձեռք բերվել պարտադրանքով: Պետք է ներդնել կամավոր սկզբունք, իսկ հանրությունը ժամանակի ընթացքում վստահություն ձեռք բերի այդ հիմնադրամների նկատմամբ»:

Նա առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը ևս մեկ տարով և ձեռք բերված ժամանակահատվածում գտնել պարտադիր բաղադրիչն ընդհանրապես չեղյալ համարելու տարբերակ:

ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ է կարծում, որ այս բարեփոխմանը  կարող է գնալ այն իշխանությունն ու կառավարությունը, որն ունի հանրության վստահությունը. «Ունի՞ այս կառավարությունը հանրության վստահությունը, պատասխանը մեկն է` ոչ: Դա է պատճառը, որ առ այսօր որևէ քաղաքացի կամավոր սկզբունքով չի օգտվել այս բարեփոխումից: Ինչ է, մարդիկ չե՞ն ցանկանում ունենալ բարեկեցիկ ծերություն, իհարկե ցանկանում են, բայց նրանք` ինչպես բոլորս, ունենք տոտալ անվստահություն այս կառավարության հանդեպ»:

Նա նույնպես առաջարկեց հետաձգել օրենքի կիրառումը և կազմակերպել լուրջ քննարկումներ` ներառելով շահագրգիռ կողմերին և ամենակարևորը` հանել պարտադիր բաղադրիչը և հարցը դնել հանրային հարցման` հանրաքվեի:

Ի դեպ, Զոհրաբյանը կարծիք հայտնեց, որ մեծամասնությունը չի կարող ընդունել իրենց առաջարկը, քանի որ ճնշում ունի իր վրա:

Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը, սակայն, Զոհրաբյանին կոչ արեց մեծամասնության անունից կարծիք չհայտնել` փոխարենը նշելով, որ հավանաբար իրենց վրա կա ճնշում:

Այնուհետև ելույթ ունեցավ ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Նա նախ նկատեց, որ առաջին անգամ չորս քաղաքական ուժերը ստորագրել են մի փաստաթղթի տակ, ինչից շատ ոգևորված են:

Այնուհետև անդրադառնալով ընդդիմադիրների մեղադրանքներին, թե իբր իրենք խաբում են, զարմացած հարցրեց. «Հետաքրքիր է, մենք այդ ե՞րբ ենք սուտ ասել»:

Այս խոսքից հետո ընդդիմադիրներն այնքան բարձր ծիծաղեցի, որ մի պահ թված, թե նրանք դահլիճում մեծամասնություն են:

Հակոբ Հակոբյանը կրկնեց, որ մեր կենսաթոշակային համակարգը վատ համակարգ է և կա խնդիր այն բարեփոխելու, որի հետ համաձայն են նաև իրենց ընդդիմախոսները: Ավելին, այդ բարեփոխումը չանելն, ըստ նրա, հանցագործություն է: Բայց եթե ընդդիմադիր գործընկերները համաձայն չեն, որ բարեփոխումն իրականացնի գործող իշխանությունը, ապա ո՞վ պիտի անի. «Եղբայր, եղեք մեծամասնություն, արեք, ո՞վ է բռնել ձեր ձեռքը»,-ասաց նա:

Իսկ թե ով է բարեփոխման պատասխանատուն, Հակոբ Հակոբյանն ասում է` բարեփոխում իրականացնողը:

Նա այս քննարկումները դրական է համարում` նշելով, որ իրենք մեկ անգամ ևս համոզվեցին իրենց ռեֆորմի մեջ ճշմարտության մեջ, և որ պիտի ավելի աչալուրջ լինեն:

ՀՀԿ ներկայացուցիչը համաձայն է, որ խնդիրներ կարող են լինել և երբևէ չի ժխտել դա, սակայն միաժամանակ կարծում է, որ մտահոգությունները պետք է կիսեն ժամանակի մեջ: Ժամանակ իշխանությունը թողել էր, այժմ բարեփոխումն իրականացնելու փուլն է, իսկ ընդդիմադիրները թող այն ժամանակ ներկայացնեին պարտադիր բաղադրիչին հակառակ փաստարկ:

Նախաձեռնության հեղինակ, ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն, ամփոփելով քննարկումը, նախ նշեց, որ ռեֆորմ բառը շատ է չարաշահվում մեծամասնության կողմից. «Երբ մենք խոսում ենք դրա բացասական դրսևորումների մասին, խոսքը պարտադիր բաղադրիչին է վերաբերում: Որևէ մեկը ռեֆորմին դեմ չէ: Եթե դիտավորյալ փորձում եք խեղաթյուրել իրականությունը, դա լավ բան չէ»,-ասաց նա:

Նա կրկնեց իր կողմից բազմիցս բերված փաստարկները, որ թե ուզում են թոշակային ֆոնդին վճարումները շատանան, ապա պետք է աշխատատեղերն ավելանան, աշխատավարձի քաղաքականություն իրականացվի, տնտեսությունն աճի և այլն, մինչդեռ այսօր երկրում չկա արժեթղթերի շուկա, ներդրողների քանակը ահավոր ցածր մակարդակի վրա է, աղքատների թիվը մեծ է, կան բազմաթիվ խնդիրներ: Իսկ ամենակարևորը` քաղաքացիներն իրազեկված չեն հիմնադրամներից, չգիտեն, թե ում պետք է վստահեն իրենց գումարները հունվարի մեկից: «Նման պայմաններում այս համակարգի ներդրումը նշանակում է քաղաքացիների եկամուտների նկատմամբ իրականացել ոտնձգություն: Գոնե ցածր տոկոսներից սկսեիք: Ինչպես ասում են` ախորժակն ուտելիս է բացվում, բայց սա այդ դեպքը չպետք է լինի»:

Արծվիկ Մինասյանը չի ընդունում իշխող կուսակցության մերժողական, արհամարհական մոտեցումը` հիշեցնելով, որ սա ընդիմության և դիմության պայքար չէ, այլ Հայաստանի քաղաքացիների տարրական իրավունքների շուրջ բանավեճ:

Նշենք նաև, որ Ազգային ժողովի դարպասների դիմաց «Ընդդեմ կենսաթոշակային 5% պարտադիր վճարի» նախաձեռնությունը մեծ բողոքի ակցիա է կազմակերպել, որին մասնակցում են հարյուրավոր քաղաքացիներ:

Ակցիայի նպատակն է քաղաքական մեծամասնությունից պահանջել օրենքի պարտադիր բաղադրիչի վերացումը և աջակեցել հանուն դրա խորհրդարանում պայքարող պատգամավորներին:

Tags: ,