Երևանի քաղաքապետի ուղերձը հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ

Տարոն ՄարգարյանՍիրելի բարեկամներ,

1992 թվականից դեկտեմբերի 3-ը աշխարհում նշվում է որպես հաշմանդամների միջազգային օր: Այս օրը ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրներին սևեռելու և հասարակության մեջ նրանց լիակատար ինտեգրմանն ուղղված նոր ծրագրեր կազմելու համար:

Երևանի քաղաքապետարանն իր հերթին ևս փորձում է հետզհետե կյանքի կոչել ծրագրեր, որոնք հնարավորություն կտան մայրաքաղաքն առավել մատչելի դարձնել հաշմանդամություն ունեցող մեր համաքաղաքացիների համար:

Վստահ եմ՝ բոլորդ եք նկատել, որ հատկապես այս տարի մենք որոշակի աշխատանքներ իրականացրինք Երևանի փողոցներում, մայթերին, ինչպես նաև նորոգված պուրակներում ու հասարակական այլ վայրերում թեքահարթակների կառուցման ուղղությամբ: Ի դեպ, այս տարի առաջին անգամ հատուկ այդ նպատակով մենք նաև համայնքային բյուջեից միջոցներ հատկացրինք, ինչը սակայն բավարար համարել, անշուշտ, չենք կարող: Այդուամենայնիվ արձանագրենք, որ առաջին քայլն արված է ու, որ շատ ավելի կարևոր է, այն լինելու է շարունակական, ընդ որում, ոչ միայն թեքահարթակների կառուցման, այլև մի շարք այլ ուղղություններով:

Սիրելի բարեկամներ,

Համոզված եղեք, որ ձեզ հուզող խնդիրները քաղաքապետարանի և անձամբ իմ մշտական ուշադրության կենտրոնում են և մենք անում ենք հնարավորը՝ դրանց շուտափույթ լուծում տալու ուղղությամբ: Քաջառողջություն եմ մաղթում ձեզ ու ձեր ընտանիքներին:

 

ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Երևանի քաղաքապետ

 

Tags: ,