«Անքննելի են որոշումներ կայացնելու` մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները». Աղվան Վարդանյան

1349099106_axvan«2014 թվականի հունվարի 1-ը շատ մոտ է: Խորհրդարանի մակարդակով, կարծես, ավարտեցինք կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի վերաբերյալ քննարկումները: Հանրապետական մեծամասնությունը հակված չէ ընդունել մեր հիմնավոր, փաստարկված առաջարկությունները

»,-խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին հիշեցրեց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Նրա խոսքով` երկրի, Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու համար կենսական նշանակության հարցի հանդեպ իշծանությունների մոտեցումը համարժեք և պատասխանատու դիրքորոշում չէ. «Անքննելի են որոշումներ կայացնելու` մեծամասնության տրամաբանությունն ու մեխանիզմները»,-նկատեց պատգամավորը:

Պատմության համար ամփոփելու և արձանագրելու համար կատարվածը` նա թվարկեց, թե ի՞նչ ունենք և ի՞նչ ենք ունենալու:

1. Ներդրվում է պարտադրաբար մի համակարգ, որին մեր երկիրն ու հասարակությունը պատրաստ չեն` և’ սոցիալ-տնտեսական ցուցանիշների, և’ բարոյահոգեբանական առումներով:

2. Ներդրվում է մի համակարգ, որին պատրաստ չէ կառավարությունը: Գործընթացն ուղեկցվում է սահմանադրական հնարավոր, օրենքի` բացահայտ, հայեցակարգի ու ժամանակացույցի ակնհայտ խախտումներով:

3. Ներդրվում է մի համակարգ, որը գործնականում շատ քիչ աղերս ունի սոցիալական պաշտպանության ոլորտի հետ: Հիմնական նպատակը ֆինանսական շուկան ակտիվացնելն է:

4. Գոյանալիք երկար փողերը տնտեսության իրական հատվածի վրա ազդեցություն չեն ունենալու, չեն նպաստելու եկամտաստեղծ գործունեությանն ու աշխատատեղերի ավելացմանը:

5. Շատ ռեալ է վտանգը, որ արդյունքում ավելանալու է թաքնված զբաղվածությունն ու սև աշխատավարձերի տեսակարար կշիռը:

6. 2014 թվականի հունվարից և’ պետական, և’ մասնավոր հատվածում, աշխատողների աշխատավարձն ավելի պակաս է լինելու, քան էր 2013 թվականի դեկտեմբերին:

7. Այս համակարգի արդյունավետությունը ցածր է լինելու կառավարության նկարագրածից և մասնակիցների համար 30-40 տարի հետո չի ապահովելու արժանապատիվ կենսաթոշակ:

Արձանագրելով այս ամենը Աղվան Վարդանյանը վերահաստատեց 3 բան. առաջին` վստահության բավարար պաշար չունեցող այս կառավարությունը ձախողվելու է նաև այս համակարգում, թեև այն համարում է վերջին տարիների իր ամենամեծ ձեռքբերումը, երկրորդ` կենսաթոշակային ոլորտում բարեփոխումներն անհրաժեշտ են, և իրենք պատրաստ են շարունակել աշխատանքը ավելի արդյունավետ համակարգ ստեղծելու նպատակով, երրորդ` ՀՅԴ-ն շարունակելու է սերտորեն գործակցել պարտադիր բաղադրիչի դեմ ընդվզող հազարավոր քաղաքացիների հետ և հետապնդելու է նրանց պահանջները սահմանադրական բոլոր միջոցներով:

Վերջում դիմելով քաղաքական մեծամասնությանը` նա ասաց. «Դուք այսօր, այո, ունեք բացարձակ իշխանություն, բայց դա ձեզ չի ազատում երկրի ու սերունդների առաջ պատասխանատվությունից: Ընդհակառակը…»:

Tags: ,