Խորհրդարանում պատգամավորների հայտարարությունների ժամին Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն անդրադարձավ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի այցին` նշելով, որ կայսերական նոր տրամադրությունները հայ ժողովրդի նկատմամբ հաղորդվեցին Պուտինի այցով Գյումրիի ռուսական ռազմաբազա` քեմալա-բոլշևիկյան սահման:
Փոստանջյանի կարծիքով` փաստացի` Պուտինի այցի նպատակը ոչ թե իրավահավասար պետությունների միջև տեղի ունեցող պետական այց էր, այլ նպատակ ուներ բավարարելու կայսերական անհույս նկրտումները, որի սպասարկման պարտականությունը ստանձնել էր Սերժ Սարգսյանը:
«Ռուսաստանը, Խորհրդային Միության անկումից հետո դասեր չքաղելով արատավոր և ի սկզբանե դատապարտված համակարգի շահագործումից, շարունակեց շահագործել այն ՌԴ-ում, որի տնտեսությունը բնութագրվում է երեք բառով` «խողովակ և այն սպասարկող մարդկանց» տնտեսություն»,-ասաց պատգամավորը` կանխատեսելով, որ եթե ՌԴ-ում ընթացող բոլոր պրոցեսները շարունակվեն նույն մակարդակով մոտակա 10 տարիների ընթացքում, ապա ՌԴ-ի տեղի կունենա աշխարհագրական քարտեզի հսկայածավալ փոփոխություն և Ռուսաստանի մասնատում:
Փոստանջյանը վստահ է, որ Հայաստանի և Ռուսաստանի «դարավոր եղբայրական» հարաբերություններում կրկին նախանշվում է ճշմարտության պահը, երբ պատմական առասպելները և ցանկությունները գալիս են փոխարինելու իրականությանը՝ Մոսկվան Հայաստանին գրեթե երբեք չի դիտել որպես գործընկեր և միշտ վստահ է եղել, որ հայերի հետ չի ունենալու որևէ խնդիր:
Tags: Ազգային ժողով, Զարուհի Փոստանջյան

