Սա դրակա՞ն է , թե՞ ոչ. Շարմազանովը թվարկում է Պուտինի այցի դրական արդյունքները

eduard-sharmazanov_0_1-e1348321114264ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը պատգամավորների հայտարարությունների ժամին անդրադարձավ վերջին օրերին երկրի քաղաքական կյանքում տեղի ունեցած երկու նշանակալի իրադարձություն.

«Վիլնյուսում Հայաստանն ամենաբարձր մակարդակով ներկայացվեց ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթաժողովին, որտեղ նշվեց, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունն ու ժողովրդավարական բարեփոխումները մեր երկրում այլեւս անշրջելի են, եւ եվրոպական մոդելով Հայաստանի պետականության կառուցումն ու ամրապնդումը եղել է մեր պետության գիտակցված ընտրությունը»,-ասաց Շարմազանովը:

Նրա խոսքով` Վիլնյուսում ազդակ հղվեց, որ հայկական կողմերը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ եւ քաղաքական կարգավորման կողմնակից են, եւ անհնար է հասնել հիմնախնդրի վերջնական հանգուցալուծմանը՝ առանց Արցախի ուղղակի մասնակցությանը բանակցություններին:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի նախագահի պետական այցին Հայաստան, ապա Շարմազանովը դա աննախադեպ համարեց իր արդյունքներով և նշեց, որ այն նոր էջ բացեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում:

«Մեր ընդդիմախոսները պարբերաբար փորձում էին կասկածի ենթարկել որեւէ լուրջ դրական փոփոխության հնարավորությունը Հայաստանի շարքային քաղաքացու կյանքում: Զերծ մնալով քաղաքական պոպուլիզմից` խոսեմ փաստերով: Դատեք ինքներդ: Նախ, հարկ է նշել, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների բանակցությունների արդյունքներով ստորագրվեց 12 կարեւորագույն փաստաթուղթ, ամրապնդվեց Հայաստան-Ռուսաստան ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչն ինքնին հավելյալ երաշխիք է մեր անվտանգության եւ խաղաղության համար: Սա լա՞վ է, թե՞ վատ: Ռուսաստանը նվազեցնում է Հայաստանին մատակարարվող գազի սակագինը՝ 1000 խմ-ի դիմաց նախկին 270 դոլարի փոխարեն սահմանելով 189 դոլար: Սա դրակա՞ն է, թե՞ ոչ մեր քաղաքացիների համար: Նավթի եւ նավթամթերքի համար Ռուսատանը հանում է օրենքով նախատեսված արտահանման 30 տոկոս մաքսատուրքը՝ սոցիալ-տնտեսական զարգացման աննախադեպ հնարավորություններ ստեղծելով: Հիմա սա լա՞վ է, թե՞ վատ: Լինելով ՀԱՊԿ անդամ՝ Հայաստանը ռուսական զենք եւ զինամթերք կգնի ներռուսաստանյան գներով: Սա դրակա՞ն է , թե՞ ոչ»,-թվարկեց Շարմազանովը` եզրակացնելով, որ շարքային քաղաքացին իր մաշկի վրա ուղղակիորեն կզգա այս պետական այցի դրական փոփոխությունները: Իսկ այն, որ մի քանի ընդդիմադիր գործիչներ դրանից կարող են տխրել, Շարմազանովի խոսքով` դա իրենց համար էական չէ:

 

Tags: ,