Մայրաքաղաքում բացվել է «Էդուարդ Իսաբեկյան» ցուցասրահը

isabekyan.3Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է Երևանի քաղաքապետարանի “Հայ Արտ” մշակութային կենտրոնի “Էդուարդ Իսաբեկյան” ցուցասրահի և այնտեղ ներկայացված ցուցադրության բացման հանդիսավոր արարողությանը: Ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին և Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր, ՀՀ ժողովրդական նկարիչ Էդուարդ Իսաբեկյանի որդուն` Արամ Իսաբեկյանին:

Արարողությանը ներկա են եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, պետական պաշտոնյաներ, մշակութային գործիչներ, Էդուարդ Իսաբեկյանի արվեստի երկրպագուներ:
Ցուցասրահի հիմքը դրվել էր դեռեւս 2004թ.-ին՝ երջանկահիշատակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանձնարարությամբ, եւ խորհրդանշական է, որ ցուցասրահի բացման պատիվը վերապահվել էր հենց երջանկահիշատակ վարչապետի եւ գեղանկարչի որդիներին՝ Տարոն Մարգարյանին ու Արամ Իսաբեկյանին: Վերջինս, ի դեպ, Երևան քաղաքին է նվիրաբերել Էդուարդ Իսաբեկյանի մշտական ցուցադրությանը ներկայացված գունանկարչական հայտնի կտավներից 28-ը: Երևանի քաղաքապետի խորհրդական Արամ Սուքիասյանը ողջույնի խոսքում նշել է, որ այս ցուցադրությունը ևս մեկ հնարավորություն է շփվելու իսաբեկյանական արվեստին, իսկ գեղարվեստի ակադեմիայի և մշակութային ու նաև այլ ուսումնական հաստատությունների ուսանողների համար սա կծառայի նաև որպես ուսուցողական կենտրոն: Գեղանկարչի որդին իր հերթին ընդգծել է, որ սիրով է կայացրել հոր թողած ժառանգության մի մասը Երևան քաղաքին նվիրելու որոշումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: