Քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր

Քննարկվեցին «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացիկ հարցերՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր այցելեց Սյունիքի մարզի Հալիձոր եւ Շինուհայր համայնքներ, տեղում ծանոթացավ «Տաթեւի վերածնունդ» ծրագրի իրականացման ընթացքին:

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի, ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանի, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի գործադիր տնօրեն Արման Խաչատրյանի, Հայ առաքելական եկեղեցու, տեղական իշխանությունների ներկայացուցիչների մասնակցությամբ տեղում կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ հարցեր:

Ներկայացվեց «Տաթեւի վերածնունդ» ծրագրում ընդգրկված` Տաթեւի վանքի հարակից ութ համայնքներում զբոսաշրջության զարգացմանն ուղղված աշխատանքների ընթացքը, նշվեց, որ անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծումը կխթանի համայնքների զարգացումն ու կնպաստի ծրագրի արդյունավետ իրականացմանը: Մասնավորապես քննարկվեցին համայնքների գազիֆիկացման, խմելու ջրի եւ ոռոգման համակարգերի վերականգնման հարցեր: Անդրադարձ եղավ նաեւ Հալիձոր-Տաթեւ ճանպարհահատվածում անվտանգության լրացուցիչ միջոցառումների ձեռնարկման անհրաժեշտությանը:

Խորհրդակցությանը կարեւորվեց, որ տարածաշրջանում բոլոր ծրագրերը համահունչ լինեն «Տաթեւի վերածնունդ» ծրագրի տրամաբանությանը, իրականացվեն օրենքով սահմանված ընթացակարգերին համապատասխան, ինչպես նաեւ բնապահպանական եւ քաղաքաշինական փորձաքննություն անցնեն:
Հյուրերը շրջայց կատարեցին նաեւ համայնքներում, ծանոթացան զարգացման հնարավորություններին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Tags: