Երևանի քաղաքապետը նոր բնակարանի բանալիներ է հանձնել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին

Երևանի քաղաքապետարան, բնակարան,Մհեր Նավոյան  Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևանի Կոմիտասի անվան  պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, արվեստագիտության թեկնածու, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանին է հանձնել նոր բնակարանի բանալիները: Հաշվի առնելով ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմանների ապահովումն ու բնակարանային  պայմանների  բարելավման  խիստ անհրաժեշտությունը, ինչպես նաև Երևանի ավագանու որոշումը՝ համայնքի սեփականություն հանդիսացող Սիսակյան փողոցի 22 շենքում գտնվող բնակարանը սեփականության իրավունքով նվիրաբերվել է Մհեր Նավոյանին:

Շնորհավորելով արվետագետին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը բարձր է գնահատել երաժշտարվեստի բնագավառում Մհեր Նավոյանի վաստակն ու ընդգծել, որ Երևանի քաղաքապետարանը մշտապես պատրաստ է իր լիազորությունների շրջանակում աջակից լինել մայրաքաղաքում ապրող և ստեղծագործող արվեստագետներին:

«Հանրապետության ղեկավարի և քաղաքային իշխանության կողմից ձևավորվել է յուրօրինակ ավանդույթ՝ տարեվերջին բնակարաններ նվիրաբերել դրա կարիքն իսկապես  ունեցող արվեստագետներին: Երկար տարիների երաժշտագիտական ակտիվ գործունեությանը զուգահեռ՝ Դուք Ձեր փորձն ու գիտելիքները  փոխանցում եք   սերունդներին, ինչն, անշուշտ, արժանի է գնահատանքի: Վստահ եմ, որ նոր բնակարանը  արվեստի  վաստակավոր  գործչին  լիարժեք  ստեղծագործական  գործունեություն ծավալելու հնարավորություն կտա»,- ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը` մաղթելով արվեստագետին ստեղծագործական նորանոր հաջողություններ։

Մհեր Նավոյանը շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին իր վաստակը գնահատելու համար և նշել, որ սեփական բնակարան ունենալն իր համար անհնարին թվացող, բայց և  անչափ կարևոր խնդիր է եղել: Արվեստագետը նաև հավելել է, որ, շարունակելով իր աշխատանքը, անելու է հնարավորը՝ հարազատ մայրաքաղաքի մշակութային կյանքի էլ ավելի զարգացնելու համար։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Tags: , ,