ԱՄՆ դեսպանատան ու Չարենցավանի քաղաքային գրադարանի գործակցությամբ բացվում է նոր Ամերիկյան անկյուն

event1_2ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Չարենցավանի քաղաքային գրադարանի հետ համատեղ պաշտոնապես ազդարարեց Չարենցավանում Ամերիկյան անկյան բացման մասին: Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ՀՀ մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը, Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը և Չարենցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը: Սա Հայաստանում 5-րդ Ամերիկյան անկյունն է, ընդ որում առաջինը բացվել է 2005թ.-ին:

Իր խոսքում դեսպան Հեֆերնը նշեց, որ Ամերիկյան անկյան միջոցով Չարենցավանի ու Կոտայքի մարզի բնակիչների համար հասանելի կդառնան բազմազան ռեսուրսներ, որոնք կնպաստեն հայ-ամերիկյան երկխոսությանն ու փոխըմբռնմանը: Ամերիկյան անկյունը նաև  անգլերենի իմացությունը կիրառելու հնարավորություններ կընձեռի:

Ամերիկյան անկյունները ամերիկյան ոճի փոքր գրադարաններ են, որ ստեղծվում են աշխարհի տարբեր երկրներում՝ փոխադարձ ընբռնումը Միացյալ Նահանգների ու տվյալ երկրի միջև խորացնելու նպատակով: ԱՄՆ պետքարտուղարության ու այս գրադարաններն իրենց հարկի տակ ընդունող տեղական կազմակերպությունների համագործակցության արդյունքում այսօր աշխարհում գործում են շուրջ 470 այդպիսի կենտրոններ: Ամերիկյան անկյուններն ապահովում են Ամերիկային վերաբերող տեղեկություններ տարբեր ձևաչափերով ՝ հանրագիտարաններ, գեղարվեստական երկեր, ամսագրեր և տեսանյութեր: Այս ռեսուրսները հիմնականում առնչվում են ԱՄՆ-ում ուսանելու հնարավորություններին, ամերիկյան պատմությանը, մշակույթին, հասարակությանը, ԱՄՆ-ում տնտեսական գործունեություն իրականացնելուն, ինչպես նաև անգլերենի՝ որպես օտար լեզվի ուսուցմանը:  Ամերիկյան անկյուններում նաև ապահովվում են համակարգիչներ՝ ինտերնետային կապով: Այստեղ անցկացվում են տարաբնույթ հասարակական միջոցառումներ, ինչպիսիք են՝ քննարկումներ, հանդիպումներ հրավիրված խոսնակների հետ, աշխատաժողովներ և այլն: Ամերիկյան անկյան ծառայություններն անվճար են ու հասանելի բոլորի համար:

Ներկայումս Հայաստանում Ամերիկյան անկյուններ գործում են Երևանում, Գյումրում, Վանաձորում և Կապանում: Անցյալ տարվա տվյալներով այդ կենտրոններ այցելողների թիվը գերազանցել է 40.000-ը:

Tags: , , ,