Հանրային խորհուրդն իր դիրքորոշումը կհայտնի կենսաթոշակային նոր համակարգի վերաբերյալ

hkh-2Դեկտեմբերի 4-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ: Օրակարգի առանցքում եղել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հարցը:

Քննարկման ընթացքում նիստի մասնակիցների գերակշիռ մասը մտահոգություն է հայտնել պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգում առկա մի շարք խնդրահարույց դրույթների վերաբերյալ:

Մասնավորապես խորհրդի անդամները դեմ են արտահայտվել պարտադիր բաղադրիչի կիրառմանը, որի թիրախը նոր ձևավորվող միջին խավն է, ինչն էլ պետության հիմնասյունն է հանդիսանում: Նշվել է, որ օրենքի կիրառումը լուրջ խնդիրներ կառաջացնի հենց այդ խավը ներկայացնող աշխատուժի համար, որն այսօր իր հերթին պայքարի է դուրս եկել օրենքի դեմ, սակայն վաղը կարող է ընտրել արտագաղթի ճանապարհը: Փաստորեն, օրենքը կարող է ուղեղների արտահոսքի նոր ալիք բարձրացնել:

ՀԽ անդամները համակարծիք են եղել կենսաթոշակային համակարգը բարելավելու հարցում, սակայն նշել, որ եթե անգամ ընտրված մոդելը դրական էլ լինի, այնուամենայնիվ, այն չի համապատասխանում հայաստանյան այսօրվա իրավիճակին: Նրանք դեմ են արտահայտվել հանրային մեծ անվստահության, համաշխարհային ֆինանսական անկայունության, երկրում սոցիալական լարվածության, հանրության կողմից հակազդեցության պայմաններում նման բարեփոխումների իրականացմանը:

Մասնակիցներից ոմանք մտահոգություն են հայտնել նաև արտասահմանյան հիմնադրամների կողմից հավաքագրված ֆինանսական միջոցները տնօրինելու, իսկ գումարների մի մասը երկրից դուրս օգտագործելու փաստի վերաբերյալ:

ՀԽ աշխատանքային խումբն առաջիկա օրերին ի մի կբերի այս և նախորդ քննարկման արդյունքները, կմշակի համապատասխպան փաստաթութղ և այն կներկայացնի ՀՀ Նախագահին ու ՀՀ կառավարություն:

Tags: