Իտալական ավիաուղիների՝ Alitalia-ի տասնայկ ուղեբեռ փոխադրողներ ձերբակալվել են ճամպրուկներից գողություն կատարելու համար:
29 մարդ ձերբակալվել է երկրի տարածքում կազմակերպված օպերացիայի ժամանակ, ևս 57-ը տարվել են հարցաքննության:
Այս ձերբակալությունները տեղի են ունեցել երկրի ութ օդանավակայաններում մեկ տարի տևած հսկողությունից հետո, սակայն հիմնական հսկողությունը իրականացվել է Հռոմի օդանավակայանում՝ օդանավից իջեցվելուց հետո ուղևորների ճամպրուկներից տասնյակ հազարավոր եվրո արժողությամբ իրեր գողացվելուց հետո:
Ոստիկանության սպաների համաձայն՝ իրենք Alitalia-ի հետ հետաքննություն են սկսել, երբ օդանավակայանը բազմաթիվ բողոքներ էր ստացել տեղական և օտարերկրյա ուղևորներից՝ իրենց ուղեբեռի կորչելու կամ բացված լինելու, և նույնիսկ որոշ իրերի բացակայության վերաբերյալ:
Ոստիկանության տեղեկություններով՝ հիմնականում գողացվել են ալկոհոլային խմիչքներ, գումար, էլեկտրոնային ապրանքներ, ինչպես նաև բրեդային հագուստներ: Գողերը գործել են Իտալիայի այլ քաղաքների՝ Միլանի, Նեապոլի, Վենետիկի օդանավակայանների ուղեբեռ փոխադրողների հետ համատեղ՝ միմյանց հետ ճամպրուկներ գողանալու հնարքների վերաբերյալ ինֆորմացիա փոխանակելով:
Հռոմի օդանավակայանի ոստիկանության պետը հայտնում է, որ սա շատ կարևոր օպերացիա էր, որի արդյունքում որոշ մարդիկ ձերբակալվել են, և նրանց սպասվում է վեց տարվա ազատազրկում, ինչպես նաև աշխատանքից հեռացում: Ըստ նրա՝ գողերի թիվը ամբողջ երկրի տարածքում հասնում էր 100 և նրանց հաջողվել էր գողանալ հարյուր հազարավոր եվրոների ապրանքներ:
Իտալական օդանավակայանները հայտնի են ճամպրուկների գողությունների դեպքերով և ոստիկանությունը հաճախակի է նման օպերացիաներ իրականացնում գողություններ բացահայտելու համար: Գողության հայտնի դեպք տեղի էր ունեցել 2002թ-ին, երբ ավելի քան 40 աշխատակիցներ ձերբակալվել էին ուղևորների ճամպրուկները բացելու և իրեր վերցնելու համար:
Tags: իտալիա, քրեական