ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարների և Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների համատեղ հայտարարությունը

նալբանդյան-մամեդյարովԵԱՀԿ Նախարարների խորհրդի՝ Կիևում անցկացվող նիստի կապակցությամբ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները (Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի Եվրոպական հարցերով նախարար Թիերի Ռեպանտենը, ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդը), Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին արդեն ձեռք բերվածի հիման վրա շարունակել համատեղ աշխատանքը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի արդարացի և խաղաղ կարգավորմանը:

Համանախագահող երկրների պատվիրակությունների ղեկավարները ողջունեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև, վերջերս, բարձր մակարդակով երկխոսության վերսկսումը և հույս հայտնեցին, որ առաջիկա հանդիպումները կնպաստեն խաղաղ կարգավորման գործընթացին: Նրանք կոչ արեցին կողմերին դիտարկել միջոցներ, որոնք կնվազեցնեն լարվածությունը տարածաշրջանում:

Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները պայմանավորվեցին հանդիպել 2014 թվականի սկզբին` Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` նախապատրաստելու համար բարձրագույն մակարդակով հետագա բանակցությունները:

Նախարարներն նշեցին, որ տարածաշրջանի բնակչությունը ակնկալում է և արժանի է առաջընթացի չափազանց ձգձգված հակամարտության կարգավորման գործընթացում: Նախարարները բարձր գնահատեցին համանախագահող երկրների միջնորդական դերակատարությունը:

Tags: ,