Գյումրիում զոհերի հիշատակը հարգեցին ոչ թե հայ, այլ ֆրանսիացի պատգամավորները

26 007Այսօր, երկրաշարժից քառորդ դար անց, դեռ չի սպիացել գյումրեցու վերքը: Ու չնայած բազում  հուսախաբությունների, նրանք դեռ սպասում եմ, որ ինչ-որ մեկը ՚վերեւներից՚  իրենց համար դեռ լույս է վառելու: Ու չգիտես ինչու, մարդկանց մեջ միշտ մի տեսակ սպասում կա, որ այսօր, դեկտեմբերի 7-ին, Գյումրի կգան նախագահը, վարչապետը, կառավարության անդամներ, պատգամավորներ, հասարակական ու քաղաքական գործիչներ, կաթողիկոսը: Բայց արդեն քանի տարի այդպես չէ, գյումրեցին ոչ մի պաշտոնյայի չի տեսնում այստեղ, բառացությամբ տեղի պաշտոնյաների: Այս անգամ էլ մայրաքաղաքից ոչ մի պաշտոնական այց Գյումրի: Փոխարենը, գյումրեցիները վիշտը կիսելու, նրանց անմեղ զոհերի հիշատակը խնկարկեցին ֆրանսիացի պատգամավորները:
՚Առաջին անգամ եմ Հայաստանում և մեծ հուզմունք եմ ապրում, պատկերացնում եմ այդ տառապանքները: 25 տարի առաջ ես սպասում էի իմ առաջնեկին և այդ ցավերն էի ապրում, ու պատկերացնում եմ հայ մայրերի տառապանքները: Շատ կարճ ժամանակ է, ինչ Գյումրիում եմ, բայց այն, ինչ տեսել եմ, կարծում եմ, գեղեցիկ քաղաք է, հին քաղաք է: Կարիք ունի իսկապես ավելի գեղեցկանալու և վերակառուցվելու: Այսօր շատ կարևոր է, որ մենք այստեղ հանդիպեցինք Հայաստանի խորհրդարանի մեր գործընկերուհուն, որը ծագումով գյումրեցի է և այդ ժամանակ 11 տարեկան է եղել՚, – նշեց Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Վալերի Բուայեն:

26 020Տարիներ անց կրկին Գյումրիում էր նաեւ ԵԽԽՎ փոխնախագահ Ռենե Ռուքեն. ՚Առաջին անգամ Գյումրի այցելել եմ 89-ի հունվարին՝ ֆրանսիացի պատգամավորների պատվիրակության հետ և մեծ ողբերգություն ապրեցինք: Դրանից հետո մի շարք անգամներ այցելել եմ, ես մասնակցել եմ նաև 20-ամյակի արարողություններին: Ժամանակի ընթացքում  տեսել ենք, որ բավականին վերակառուցողական աշխատանքներ են կատարվել՚:

Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանն էլ օրվա խորհրդի հետ կապված նշեց՝ գյումրեցուն ոտքի կանգնեցնողը պետք է լինի նոր սերունդը: ՚Աստված տա, որ և Գյումրիին, և մեր ամբողջ հայ ժողովրդին, այսպիսի աղետներ այլևս չպատահեն: 25 տարվա ընթացքում բավական աշխատանք կատարվել է Գյումրիում, բայց կան շատ գործեր, որ պետք է անպայման արվեն: Այսօր հերթը երիտասարդությանն է: Ծնվել է մի սերունդ, որն արդեն 25 տարեկան է: Մեզ այսօր պետք է նրանց աջակցությունը, այն երիտասարդության, որն այդ նոր սերունդն է, որ վաղը դառնալու է քաղաքի տեր ու տիրականը: Սա իրենց գործն է… Անդուլ աշխատանք է պետք, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք: Իհարկե, շատ դժվար է, կա ցավ, կա վիշտ, դժվար է մոռանալ այն, ինչ տեսել ենք: Բայց գալիս է մի սերունդ, որը պետք է կարողանա արարել, ստեղծել և դուրս հանել մեր ժողովրդին այս վիճակից՚:

Tags: