Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորումը կախված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից: Այս մասին հաղորդում է թուրքական «Հաբերթյուրքը»: «Եթե նույնիսկ Թուրքիան և Հայաստանը կարգավորեն դիվանագիտական հարաբերությունները, ապա առանց Հարավային Կովկասում խաղաղության հաստատման այդ հարաբերությունները ամեն պահ կարող են խափանվել»,-ընդգծել է Դավութօղլուն:
Վերջինիս խոսքերով՝ այսօր տարածաշրջանում Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի միջև սերտ հարաբերություններ են հաստատվել: Նրա խոսքերով՝ եթե հաշվի չառնվեն Երևանի և Մոսկվայի հարաբերությունները, ապա կարելի է ասել, որ Հայաստանը մեկուսացված է: «Պաշտոնական Անկարան կողմ չէ գործերի նման ընթացքին, սակայն եթե Հայաստանը մտադիր է դուրս գալ առկա շրջափակումից, ապա նա պետք է դուրս գա օկուպացրած ադրբեջանական հողերից»,-նշել է Դավութօղլուն:
