ՄԻՊ-ը հրապարակել է դատական կաշառքների սակագները

կարեն անդրեասյանՄարդու իրավունքների պաշտպան Կարեն Ադրեասյանը հրապարակել է արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ:

Զեկույցի նախաբանում Անդրեասյանը գրում է.  «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան  Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, Հարսնաքարում  Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի  դառնալ դատավոր, փոխարենը կսպասեր Հայաստանի դատարանի արդար  վճռին: Եթե Վճռաբեկ դատարանը արդար գործեր, ապա Երևանում  տրասնպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի  ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի  ՀԵԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի  պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության  բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար  մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում:

Եթե Վճռաբեկ դատարանի և նրա երկու պալատների նախագահներ  Արման Մկրտումյանը, Դավիթ Ավետիսյանն ու Երվանդ Խունդկարյանը  պատշաճ գործեին, ապա դատական անօրեն վճիռներով հազարավոր  սովորական մարդկանցից չէին խլի տունը, փողը, աշխատավարձը,  սեփական երեխային, բանտերում չէին հայտնվի անմեղ մարդիկ, իսկ  հանցագործները չէին մնա ազատության մեջ: Վերջապես, եթե այդ երեք  նախագահները արդարություն ապահովեին, ապա Հայաստանից չէին  հեռանա օտարերկրյա տասնյակ ներդրողներ, ում թալանել են հենց  դատարաններում, իսկ հայ գործարարները չէին համակերպվի  մաքսակետերում ապօրինի ու երկակի ստանդարտներով կիրառվող հսկիչ  գների, ինչպես նաև օլիգարխներ ստեղծելու և պահելու այլ եղանակների  հետ»:

Զեկույցում ՄԻՊ-ը հրապարակել է դատական կաշառքների սակագները: Ըստ այդմ կաշառքի սակագները տատանվում են հետևյալ միջակայքերում. առաջին ատյանում` 500-10000 դոլար, վերաքննիչ դատարանում` 2000-15000 դոլար, վճռաբեկ դատարանում` 1000-50000 դոլար:

Զեկուցում նաև նշվում է, որ վճռաբեկ դատարանում ձևավորված «զոնալ դատավորների» ինստիտուտի միջոցով վերահսկում ու ճնշում են  ստորին ատյանների դատավորներին, հաճախ նաև պատրաստի վճիռն է իջեցվում վճռաբեկ դատարանի դատավորների կողմից: Իսկ դատավորների նկատմամբ, որոնք իրենց վճիռը նախապես չեն համաձայնեցրել վճռաբեկ դատարանի հետ, կիրառվում են ճնշումներ:

Զեկույցին ամբողջությամբ կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ:

Անկախ

Tags: ,