«ՏաԹեւեր»-ը ներկայացնում է աշխատանքի ժամանակացույցը դեկտեմբերին եւ ամանորյա տոներին

«ՏաԹեւեր»«ՏաԹեւեր» ճոպանուղին տեղեկացնում է, որ ս.թ. դեկտեմբերին 13-ին, 14-ին եւ 15-ին ուղեւորներին չի սպասարկելու` տեխնիկական անձնակազմի համար ուսուցողական դասընթացներ իրականացնելու պատճառով: Նման դասընթացները ճոպանուղու անխափան աշխատանքի ու ուղեւորների անվտանգության ապահովման կարեւոր նախապայմաններից են:

 Ս.թ. դեկտեմբերի 30-ին` ինչպես եւ յուրաքանչյուր երկուշաբթի, «ՏաԹեւեր»-ում կիրականացվեն պրոֆիլակտիկ աշխատանքներ:

 

Ս.թ. դեկտեմբերի 31-ից 2014թ. հունվարի 5-ը ներառյալ «ՏաԹեւեր» ճոպանուղին չի աշխատի` Ամանորի կապակցությամբ:

 

Հունվարի 6-ին «ՏաԹեւեր»-ը կաշխատի եւ բոլոր ցանկացողներին կտեղափոխի Տաթեւի վանք, որտեղ կմատուցվի Սբ. Ծննդյան պատարագ:

 

Այնուհետեւ, ողջ ձմռան ընթացքում, «ՏաԹեւեր» ճոպանուղին կաշխատի ավանդական ձմեռային ժամանակացույցով` միայն շաբաթ եւ կիրակի օրերին:

 

«ՏաԹեւեր»

 

«ՏաԹեւեր» ճոպանուղին բացվել է 2010 թվականի հոկտեմբերի 16-ին` «Տաթեւի վերածնունդ» նախագծի շրջանակներում: 2010թ. հոկտեմբերի 23-ին «ՏաԹեւեր»-ը գրանցվել է Գինեսի միջազգային ռեկորդների գրքում որպես աշխարհում ամենաերկար հետադարձելի երկխցիկ ճոպանուղին: Ռեկորդը գրանցվել էր ոչ միայն ճոպանուղու երկարության (5752 մ.), այլեւ ճոպանուղու կառուցման կարճ ժամանակահատվածի (10 ամիս) համար: 

 

Նախագիծն իրականացվել է ճոպանուղու նախագծման եւ կառուցման առաջատար, շվեյցարական «Գարավենտա-Դոպելմայր» ընկերության կողմից: Դեպի վանական համալիր տանող օդային ճանապարհը կազմում է 11 րոպե, արագությունը՝ 10 մ/վ, խցիկում ուղեւորների տարողությունը՝ 25 հոգի, ճոպանուղու ուղեւորների թողունակությունը ժամում կազմում է 200 հոգի: Հսկայական կրող հիմքերը բաժանում են ճանապարհը 4 հատվածի, վերջին՝ ամենաերկար հատվածի երկարությունը կազմում է 2,7 կմ: 

Tags: ,