Ադրբեջանը Հայաստանից կարող է 300 մլդ դոլարի բարոյական վնասի փոխհատուցում պահանջել. Ալի Հասանով

hasanov Ադրբեջանի փախստականների հարցերով պետական կոմիտեի ներկայացուցիչ, փոխվարչապետ Ալի Հասանովը հայտարարել է, թե Հայաստանը, «օկուպացնելով ադրբեջանական հողերը», Ադրբեջանին 300 մլդ դոլարի բարոյական վնաս է հասցրել: Հասանովի խոսքերով՝ ավելի վաղ անցկացված հաշվարկների արդյունքում Ադրբեջանի կրած վնասը գնահատվել էր 60 մլդ դոլար, սակայն միջազգային նորմերին համապատասխան հաշվարկի ժամանակ  վնասի իրական չափը 5 անգամ ավելի է կազմել: «Այն ժամանակ մենք չգիտեինք, թե աշխարհում ինչպես են հաշվում նման վնասների չափը: Ադրբեջանի նախագահի հանձնարարությամբ մենք դիմեցինք գնահատման միջազգային ասոցիացիա: Մենք այս կառույցի հետ աշխատում ենք արդեն երկու տարի: Այսպես,  կատարված հաշվարկների արդյունքում Ադրբեջանի կրած վնասը գերազանցել է 300 մլդ դոլարը, որի փոխհատուցումը մենք իրավունք ունենք պահաջելու Հայաստանից: Սա նախատեսված է միջազգային իրավունքի համաձայն»,-նշել է Հասանովը:

   Ադրբեջանի փոխվարչապետը իրենց իշխանություններին հատուկ ծիծաղելի հայտարարություն է արել, թե եթե Հայաստանը գնա ճիշտ ճանապարհով, ապա իրենք պատրաստ են զիջումներ անել փոխհատուցման վճարման հարցում: Բնականաբար, Հասանովն  անտեսել է  նաև հարցի մյուս կողմը` թե Ադրբեջանը Հայաստանին  որքան վնաս է պատճառել ու ըստ նույն միջազգային իրավունքի որքան փոխհատուցում պետք է տա:

 

Անկախ

Tags: