“Մարդու իրավունքները խախտված են ոչ միայն մեր երկրում, այլեւ ամբողջ աշխարհում: Ես ընտրել էի երկու նկար, որոնցում պատկերված էին Երեւանի “Քանաքեռ”ուռուցքաբանական կենտրոնում բուժվող երկու մանուկներ”,-այսօր archive2.ankakh.com-ի հետ զրույցում մարդու իրավունքների թեմայով լուսանկարների մրցույթ-ցուցահանդեսի մասին նշեց հաղթող մասնակից, լուսանկարչուհի Անահիտ Հարությունյանը:
Այս տարի աշխարհը նշում է Մարդու իրավունքների Վիեննայի հռչակագրի եւ գործողությունների ծրագրի քսանամյակը, որն ընդունվեց 1993թ., ինչպես նաեւ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնի ստեղծման քսանամյակը, որն այս քսան տարիների ընթացքում հնարավորություն է ընձեռնել անկախ եւ հեղինակավոր մի ձայնի՝ խոսել մարդու իրավունքների մասին ամբողջ աշխարհում:
Լուսանկարչուհու համոզմամբ հավատն է պակասում մարդկանց աչքերում, հավատը հրաշքին, պետք է օգնել քեզ եւ աշխարհին կրկին հավատալու եւ ոչ մի վարկյան չկասկածելու:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը ասել է.
“Եկեք ակտիվացնենք մեր ջանքերը, որպեսզի կյանքի կոչենք մեր վրա դրված հավաքական պատասխանատվությունը՝ խթանելու եւ պաշտպանելու բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը”:
“Բարձրացրու ձայնդ՝ պաշտպանելու քո իրավունքները”. Սա է այս տարվա հայաստանյան քարոզարշավի նշանաբանը: ՄԱԿ-ը լուսանկարների մրցույթի հաղթողներին հանձնեց մրցանակներ: Մրցույթի նպատակն էր խրախուսել երիտասարդներին կիսվել մարդու իրավունքների, ներառականության եւ հանրային կյանքին մասնակցության խթանման իրենց փարձառություններով:
Լուսանկարչուհի Հասմիկ Տոնապետյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր 5 նկարները նկարել է Գյումրի քաղաքում, ինչպես նաեւ Շիրակի մարզի տարբեր գյուղերում: Պատկերել է անօթեւանության խնդիրը Գյումրի քաղաքում նաեւ ոչ արժանապատիվ կյանքի դրվագները:
Պարգեւատրման արարողությանը հետեւեց միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ բանավեճը: Ավելի քան 60 երիտասարդներ հնարավորություն ունեցան ազատորեն քննարկել իրենց տեսակետները մարդու իրավունքների վերաբերյալ եւ այն հարցի շուրջ, թե ինչպես նրանք կարող են թվային դարաշրջանում ավելի ակտիվ դեր ունենալ իրենց իրավունքների պաշտպանության ու խթանման, ինչպես նաեւ իրենց հասակակիցների կրթման հարցում:
Մարդու իրավունքների քարոզարշավը կշարունակվի Հայաստանի մարզերում բանավեճերի շարքով, որը կվարեն միջազգային կազմակերպությունները՝ խթանելով մարդու իրավունքների խաղաղության եւ հանդուրժողականության համաշխարհային արժեքները:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Մարդու իրավունք, ցուցահանդես