«Մենք աշխատում ենք զոհերի հետ, բայց չունենք զենք, որը պետք է այդ օրենքը լինի»,- այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» անցկացված քննարկման ժամանակ ասաց «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի ծրագրերի պատասխանատու Հասմիկ Գևորգյանը:
Այս տարի կոալիցիան Գենդերային բռնության դեմ 16-օրյակի գրեթե բոլոր միջոցառումների հիմքում ևս դրել էր Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունման կարևորությունը:
«Հասարակություն առանց բռնության» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Անուշ Խաչատրյանը տեղեկացրեց, որ այժմ իրավաբանների խումբն օրենքի նախագիծը համապատասխանեցնում է Սահմանադրությանը և մյուս օրենքներին: Մինչ այդ Արդարադատության նախարարությունն առկախել է օրենքի ընդունումը՝ Սահմանադրությանը հակասող համարելով նախագծի այն դրույթը, որը հնարավորություն է տալիս բռնարար ամուսնուն հեռացնել տնից, մինչ իրավապահները որոշեն խնդրի լուծումը:
Նախարարությունը համարում է, որ այդպիսով խախտվում է սեփականատիրոջ իրավունքը: «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի նախագահ, կոալիցիայի անդամ Սուսաննա Վարդանյանը համամիտ չէ.
«Մենք նրան դիտարկում ենք որպես բռնարար, ոչ թե սեփականատեր: Ընդ որում, մենք առաջարկում էինք նրան հեռացնել ժամանակավոր»:
Կոալիցիայի անդամները կարևորում են Ընտանեկան բռնության մասին օրենքը, քանի որ այն նախատեսում է նաև մարզերում պետության կողմից գոնե մեկական ապաստարանի հիմնում: Այժմ նման միայն մեկ ապաստարան է գործում, որը շատ ծանրաբեռնված է:
Հասմիկ Գևորգյանը նշում է, որ եթե օրենքն արդեն գործեր, ապա, օրինակ, բախտագուշակ Վարսիկի հարսին՝ Հասմիկ Խաչատրյանին, հնարավոր կլիներ տեղափոխել ապաստարան, երեխայի դպրոցը փոխել:
Գևորգյանը պատմեց, որ միայն կոալիցիայի բողոքներից հետո Հասմիկի ամուսնուն՝ Սարգիսին, առաջադրված «ծեծի» մեղադրանքը վերաորակվեց «խոշտանգման»: Իսկ մինչ այդ ոստիկանությունն առհասարակ հրաժարվում էր քրեաիրավական գնահատական տալ բռնությանը՝ այն համարելով ընտանեկան վեճ ամուսինների միջև:
«Գործն ուղարկվել է դատարան, բայց ամուսինը դեռ ազատության մեջ է: Գյուղերում բարեկամախնամիական կապը և Վարսիկի հեղինակությունն այնքան էր մեծ, որ նոյեմբերի 28-ին Սարգիսը երեխային առևանգեց, Գավառ տարավ և բժիկը, առանց որևէ հիմքի, երեխային պառկեցրեց հիվանդանոց»,- ասաց Հասմիկ Գևորգյանը:
Հասմիկ Խաչատրյանը հավելեց, որ Սարգիսի լծակները և փողը թույլ են տալիս, որ ազդի գործի վրա: «Ես արդեն կյանքս էի վտանգել ու ոչ մի ելք չունեի: Խորհուրդ կտամ բոլոր կանանց, որ իրենց իրավունքները պաշտպանեն: Հուսով եմ, որ կհասնեմ այն բանին, որ յուրաքանչյուրն իր արածի համար պիտի պատասխան տա»,- ասաց Հասմիկ Խաչատրյանը:
Սուսաննա Վարդանյանը նշում է, որ տարիների ընթացքում կտրուկ աճում է «Կանանց իրավունքների կենտրոն» դիմող, ընտանեկան բռնության ենթարկված կանանց թիվը: Վարդանյանը դա բացատրում է ոչ թե ընտանեկան բռնության դեպքերի աճով, այլ նրանով, որ կանայք ավելի իրազեկ են դառնում և իրենց պաշտպանելու համար դիմում են համապատասխան ՀԿ-ներին:
Վարդանյանը բարձրաստիճան պաշտոնյաներին կոչ արեց աջակցել Ընտանեկան բռնության մասին օրենքի ընդունմանը: Միաժամանակ կոալիցիան շարունակելու է պաշտոնյաներին իրազեկել օրենքի ընդունման կարևորության մասին:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Tags: Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր