Եվրամիությունը պատրաստ է համագործակցել Ադրբեջանի հետ բոլոր մակարդակներում, սակայն Բաքվում կառավարությունը պարտավոր է հարգել բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները և ընտրության մասին օրենքը համապատասխանեցնել այդ պահանջներին: Այսպիսի հայտարարություն է արել Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն դեկտեմբերի 9-ին ԵՄ-Ադրբեջան համագործակցության խորհրդի նիստի ավարտին, տեղեկացնում է ադրբեջանական “Կոնտակ” կայքը:
“Մենք ուրախ ենք տեսնել Ադրբեջանի և ԵՄ-ի միջև մերձեցում: Վիլնյուսում այցագրային ռեժիմի դյուրացման մասին համաձայնագիր է ստորագրվել և նման համագործակություն մենք ցանկանում ենք բոլոր մակարդակներում: Ասոցացման համաձայնագրի և ռազմավարական գործակցության շուրջ բանակցությունները շարունակվում են”, -ասել է Ֆյուլեն:
Եվրահանձնակատարը Ադրբեջանին կոչ է արել նաև ինտենսիվացնել Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամակցությանն ուղղված աշխատանքները, ինչը առևտրային հարաբերությունների զարգացման և խորը ու ազատ առևտրի գոտու ստեղծման նախապայմանն է: Միևնույն ժամանակ Ֆյուլեն ընդգծել է, որ հիմնարար ազատությունները շարունակում են մնալ փոխհարաբերությունների ֆունդամենտալ բաղադրիչը:
“Մենք կոչ ենք անում Ադրբեջանին հարգել այս հարցի շուրջ իր միջազգային պարտավորությունները: Այս ոլորտում շատ անելիքներ կան, ինչպես օրինակ զանգվածային լրատվամիջոցների, հավաքների և միավորումների ազատությունը: Բացի այդ` չափազանց կարևոր է ընտրական օրենսգրքի համապատասխանեցումը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաջարկներին: Դա պետք արագ կատարվի, որպեսզի 2015թ. անցկացվեն թափանցիկ և արդար տեղական ու խորհրդարանական ընտրություններ: Շատ անելիքներ կան կոռուպցիայի դեմ պայքարում”, -ասել է Ֆյուլեն:
Ըստ կայքի` Բրյուսելում Ադրբեջանի դեսպանության` հանդիպման վերաբերյալ հաղորդագրության մեջ ասված է, որ ադրբեջանական պատվիրակությունը նիստին քննարկել է Ղարաբաղյան հակամարտությանը, Եվրոպայի էներգետիկ անվտանգությանը, տրանսպորտի ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր: Նույն աղբյուրի համաձայն` ԵՄ-ն ողջունել է Ադրբեջանում անցկացվող բարեփոխումները:
Tags: ադրբեջան, ԵՄ