Օտարերկրացիներն ու մահացածներն էլ են Երևանի քաղաքապետ ընտրո՞ւմ

 

Ընտրության եկած քաղաքացին պարզել էր, որ իր բնակարանում է գրանցված մարդ, ով տասնհինգ տարի  է, Մեծ Բրիտանիայում է ապրում

Ընտրության եկած քաղաքացին պարզել էր, որ իր բնակարանում է գրանցված մարդ, ով տասնհինգ տարի է, Մեծ Բրիտանիայում է ապրում

13/22 ընտրատեղամասում Աթոյան անցուղի 1,  բն· 30 հասցեի բնակիչը ընտրացուցակները նայելուց հետո բարկացած ընտրատեղամաս մտավՙ հայտարարելով, որ իր բնակարանում էլի գրանցված է մի քաղաքացի, ով վերջին տասնհինգ տարիներին ապրում է Մեծ Բրիտանիայում և ՀՀ քաղաքացի չէ:  Ռոբերտ Ավետիքյանն ասում է, որ բնակարանում ապրում են երկուսովՙ ինքն ու կինը, երրորդ անձ էլ բնակարանում գրանցված չկա: Սակայն ամեն անգամ ընտրացուցակներում իրենց բնակարանի վրա երրորդ անձ է գրանցված լինում: Նրա խոսքովՙ ամեն անգամ ընտրությունների առաջ դիմում է ոստիկանությունՙ  պահանջելով, որ հանեն ընտրացուցակներից քաղաքացուն, որն ոչ միայն իր հետ որևէ ազգակցական կապ չուբի, այլ նաև ՀՀ քաղաքացի չէ: Բայց ապարդուն:  Սարգսյան Ռուբեն Շմավոնի քաղաքացին էլի ընտրացուցակներում էր:

Մինչ ուսումնասիրում էինք ընտրացուցակները, մի այլ քաղաքացի մատնացույց արեց 1512 –րդ համարի ընտրողինՙ 1931—ին ծնված Մեսրոպյան Արծունիկին, ասելով, որ վերջինս մահացել է չորս տարի առաջ, սակայն նրան համառորեն ընտրացուցակներից չեն հանում:

13/22 ընտրատեղամասում գրանցված է 1808 ընտրող: Ժամը տասնմեկի դրությամբ արդեն քվեարկել է 228 մարդ:

Ընտրատեղամասում վստահված անձ ունեն ՀՅԴ, ՕԵԿ-ը, ՀԱԿ-ը և ԲՀԿ-ն: Վերջիններիս պնդմամբ, արտառոց որևէ բան չեն նկատել, ընտրություններն ընթանում են բնականոն հունով:

Tags: