8/20 ընտրատեղամասում բավականին տարօրինակ տեսարանի հանդիպեցինք: Խումբ-խումբ ծերեր ինչ որ կնոջ ուղեկցությամբ գալիս էին ընտրության, նրա օգնությամբ ընտրում և հեռանում: Ընդ որում տարեցներից ոմանց, ովքեր դժվարությամբ էին տեղաշարժվում, պետական համարանիշերով ավտոմեքենա էր բակում սպասում և նրանց տեղափոխում:
Ընտրատեղամասում տարեցներին օգնող կինը, խախտելով օրենքը, մեկ անգամից ավելի տարեցների հետ մտավ ընտրախուց և օգնեց նրանց քվեարկել: Դիտորդի բազմաթիվ զգուշացումները նույնպես ոչինչ չփոխեցին: Ընդհանկառակը` հանձնաժողովի անդամները վերջինիս սկսեցին դիտողություն անել` ասելով, թե ծեր են, բա պիտի օգնի:
Այնուհետև բակում փորձեցինք տարեցներից տեղեկանալ, թե ովքեր են և ինչու են ուղեկցողով եկել ընտրատեղամաս: Պարզվեց` նրանք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի “Վետերան օթևան”-ի տարեցներն են, որոնց օթևան էր բերում տնօրենի տեղակալը (անունը չհաջողվեց պարզել):
Ընդ որում, տարեցները բավականին շատ բողոք ներկայացրեցին իրենց կացարանի մասին. «Ձմռանը սառում-սատկում ենք, երեք սվիտրն էլ չի օգնում: Մեր հաշվին պիտի տաքացնենք, բայց մեզ որտեղից գումար, իսկ ամռանը շոգից խեղդվում ենք: Սնունդն էլ լավը չի, մեր հաշվին ենք առնում»:
Իսկ երբ հարցրինք, թե ում են ընտրել, միաբերան ասացին` Տարոն Մարգարյանին:
Նշենք, որ նրանց ուղեկցող կինը, միննչև ընտրատարածք մտնելը` կանանցից մեկին հուշեց. «Գնում եք, 6-րդ համարի կողքը պտիչկա եք անում, էդքան բան»: 6-րդր համարի ներքո Հանրապետական կուսակցությունն է:
Հետաքրքիրն այն է, որ երբ ընտրատեղամասի ԲՀԿ-ական վստահված անձին հայտնեցինք այդ մասին, նա անհոգ տոնով ասաց. “Նման բան չկա, սոցապ. ոլորտը ԲՀԿ-ինն է”:
