Հայաստանը 2012 թվականից միացել է Ֆրանսիական «Ամենակարճ օր» կարճամետրաժ ֆիլմերի փառատոնին։ Երեւանում արդեն երկրորդ անգամ հայ կինոսիրողները հնարավորություն կունենան շփվելու ֆրանսիական կինոյի բազմազանությանը, գույնին ու նորարարական մտքին։ «Նաիրի» կինոթատրոնում դեկտեմբերի 11-ին մեկնարկեց «Ամենակարճ օր» ֆրանսիական կարճամետրաժ կինոյի տոնը։ Ֆրանսիական կինոյի այս գեղեցիկ ձեռնարկի նախաձեռնողները Հայաստանի եւ Ֆրանսիայի կինոկենտրոններն են։ Ֆրանսիական կարճամետրաժների ցուցադրությունը Հայաստանում իրականացվում է երկկողմ համագործակցության համձայնագրի շրջանակներում։
«Ամենակարճ օր» փառատոնը խորհրդանշում է ձմեռվա գիշերահավասարի, տարվա ամենակարճ օրը՝ դեկտեմբերի 21-ը։ Կարճամետրաժ կինոյի տոնը ներառում է 1-59 րոպե տեւողությամբ բոլոր ժանրերի ֆիլմերը:
Այս փառատոնի շրջանակներում Ֆրանսիայում ամեն տարի հանրային վայրերում ցուցադրվում են հարյուրավոր ֆիլմեր։ Աշխարհի հինգ տասնյակից ավելի երկրներ արդեն միացել են այս կինոծրագրին։ Ամեն տարի մասնակիցների թիվը մեծանում է։ Բոլոր երկրների համար ֆիլմերը ընտրվում են «Կարճամետրաժ ֆիլմերի գործակալության» ֆիլմադարանից, եւ քանի որ Հայաստանում այս հաստատությունը գրասենյակ չունի, ուստի փառատոնը կազմակերպվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության մշակութային օպերատոր հանդիսացող «Ալիանս Ֆրանսեզ» կազմակերպության հետ համատեղ, իսկ ֆիլմերի և գովազդային նյութերի պատվիրելը և ամրագրելը կատարվել են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության միջոցով։ Ծրագրի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարության Հայաստանի ազգային կինոկենտրոնը, Հայաստանի Ալիանս Ֆրանսեզը, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, Ֆրանսիայի արտգործնախարարության մշակութային օպերատոր`Ֆրանսիական ինստիտուտը, Ֆրանսիայի ազգային կինոյի և անիմացիայի կենտրոնը եւ Կարճամետրաժ կինոյի գործակալությունը։
Երեւանում ֆիլմերը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում, «Նարեկացի» արվեստի միությունում, մայրաքաղաքի բուհերում եւ համայնքներում, ՀՀ մարզերում:
Տասն օր հիշյալ վայրերում (դեկտեմբերի11-21-ը) կիրականացնեն ֆրանսիական ֆիլմերի անվճար ցուցադրություններ: Իսկ չթարգմանված և համր ֆիլմերը դեկտենբերի 14-ից-21-ը հնարավոր է դիտել առցանց՝ www. alliancefr.am կայքում։
