Թիվ 7/6 ընտրատեղամասում մարդկանց բերում են ընտրելու

imagesՄալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/6 ընտրատեղամասում մի տղամարդ տարբեր մարդկանց` այդ թվում նաև ծերերի էր տեղափոխում ընտրատեղամաս, սպասում մինչև քվեարկեն և կրկին տանում:

Երբ հետաքրքրվեցինք, թե ինչու պատճառներով է նրանց ուղեկցում, զարմացած տոնով ասաց. “Հա ինչ անենք, մեր հարևաններն են, ես էլ մեքենա ունեմ, բերում եմ”:

Այնուհետև տարեց կանանցից մեկին` Անուշ Սարգսյանին, որը հազիվ էր տեղաշարժվում, խնդրեցինք փոքրի հարցազրույց տալ: Նա միանգամից նայեց իրեն ուղեկցող տղամարդուն` ասես թույլտվություն վերցնելու: Վերջինիս կողմից դրական արձագանքից հետո պատասխանեց մեր հարցերին:

Հարցին, թե ամեն անգամ է այսպես պարտաճանաչորեն մասնակցում ընտրություններին, ասաց. “Դե վատառողջ եմ, բայց մասնակցում եմ”:

Հարցին, թե հատկապես ինչը կուզենար, որ մայրաքաղաքում փոխվեր, պատասխանեց. “Ես արդեն չորս տարի է` ապերացիա եղած եմ և քաղաքում ման չեմ գալիս, տեղեկություն չունեմ, բայց տելեվիզորով նայում եմ, շատ գոհ եմ”,-ասաց նա:

Իսկ երբ հետաքրքրվեցինք, թե հատկապես ինչից է գոհ, այլևս չկարողացավ որևէ հարցի պատասխանել. “Ինչ ասեմ…”:

Շփոթված ծեր կնոջն օգնության հասան նրան ուղեկցող մի քանի ակտիվ կանայք. “Շատ բան է փոխվել, ամեն ինչն էլ լավ է: Մենք բոլորս Տարոն Մարգարյանին ենք ընտրել, խաղասրահներ ա սարքել, ամեն ինչն էլ լավ ա: Եթե ինքը չմնա, սաղ կթողնեն, կփախնեն ստեղից”: