Գյումրեցիներն այսուհետ աղոթելո՞ւ են

գյումրի,ձմեռԱրդեն երեք օր է Գյումրու փողոցներն ու մայթերը բազում անհարմարություններ են պատճառում վարորդներին ու հետիոտներին. քաղաքը ձնից ու սառույցից չի մաքրվում, իսկ քաղաքապետին դա զայրացնում է:

Թեև ձմեռն ու ձյունն օրեր առաջ են հաստատվել Գյումրիում, սակայն արդեն քաղաքը կանգնած է մեծ խնդրի առաջ` ինչպես մաքրել: Քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը վստահեցնում է` իրենք աշխատում են գիշեր ու ցերեկ, ոտքի են հանել ամբողջ տեխնիկան ու աշխատուժը, սակայն եղանակային պայմանները թույլ չեն տալիս աշխատանքներում շոշափելի արդյունքներ ունենալ:
IMG_1580“Հիմնական պատճառը ցածր ջերմաստիճանն է, որ ձյան, սառույցի շերտը շուտ չի հեռանում: Գիշերները ջերմաստիճանն իջնում է մինչև -20, իսկ ցերեկները -6-ից չի բարձրանում: Մասնագետների հետ խորհրդակցել եմ, և աղն ու ավազը հիմնականում սկսում են աշխատել, երբ ջերմաստիճանը -5-ից բարձր է` -3,-2: Իսկ դրանից ցածր պայմաններում աղի օգտակարությունը զրոյանում է”, – ասում է Գյումրու քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետ Կնյազ Մանասյանը:
Այժմ փողոցներում նույնիսկ 3 անգամ ավազ է շաղ տրվում, իսկ խաչմերուկներում նաև աղ ցանվում, բայց սառույցից ազատվել չի լինում: Ձյան ու սառույցի տակ է նաև կենտրոնական հրապարակը, որն ամեն տարի մաքրվում էր առաջնային կերպով: “Ես մտավախություն ունեմ, որ ինչ պաշարել էինք, եթե հանկարծ եղանակն այս տեմպով շարունակվի, չի բավարարի և անհրաժեշտություն կլինի նոր քանակ ապահովել: Դրանում խնդիր չկա, իհարկե: Եթե նույնիսկ մեկ օր ջերմաստիճանը +1 լինի, հավատացած եղեք, որ մենք քաղաքը կմաքրենք և փողոցներն անմիջապես կբացվեն”, – վստահեցնում է պատասխանատուն:
Կոմունալ բաժնի սանմաքրման աշխատակիցներն այսօր բահերով ջարդում էին կանգառների սառցաշերտերը, քիչ թե շատ անցանելի են կենտրոնական հատվածների մայթերը. այստեղ էլ դեռ կուտակված են մնում սառցի քանդոցները. “Խնդիրն այն է, որ մենք չունենք ձյուն բարձող մեքենա, իսկ եղած մեքենաներն էլ հազիվ հասցնում են ավազ շաղ տալու աշխատանքները”, – ասում է Կ.Մանասյանը:
Իսկ որն է ելքը, ինչ անել հարցերի շուրջ կատակում` պետք է աղոթել, որ ջերմաստիճանի բարձրացում լինի:
Քաղաքի փողոցներն ամբողջությամբ անանցանելի են դառնում հատկապես երեկոյան և գիշերային ժամերին, երբ ցուրտը սաստկանում է. գյումրեցի վարորդներն անգամ հասցրել են անեկդոտ հորինել` “Ճանապարհային ոստիկանությունն ու Գյումրու քաղաքապետարանը հայտնում են, որ քաղաքի բոլոր ճանապարհները հեշտասահ են”:

Tags: ,