Զինյալները գրավել են սիրիական քաղաքն ու սպանդ իրականացրել այնտեղ

168“Ջեբհաթ ան-Նուսրա” խմբավորման ավելի քան 1000 զինյալ ծայրահեղականներ դեկտեմբերի 11-ին գրոհել են Դամասկոսից 40 կմ հեռավորության վրա գտնվող  Ադրա քաղաքի վրա ու սպանդ իրականացրել: “Ալ Վաթան” լրատվական ծառայությունից հայտնում են, որ զինյալները, օգտվելով թանձր մշուշից, հանկարծակի հարձակվել են քաղաքը պաշտպանող  ազգային պաշտպանության ուժերի պահակակետի վրա: Պարեկներն ընդդիմացել են, սակայն նահանջել` գրոհայինների թվաքանակի էական գերազանցության պատճառով:

Ջիհադիստները ներխուժել են տեղի արդյունաբերական հիմնարկներում աշխատողների ընտանիքներով բնակեցված թաղամասեր: Զինյալները, որոնց մեջ նաև արաբ վարձկաններ են եղել, ալավիթական համայնքի ներկայացուցիչների նկատմամբ հաշվեհարդար են տեսել.ականատեսներն ասում են, որ մարդասպանները չեն խնայել անգամ կանանց ու երեխաներին: Զոհերի ընդհանուր թիվը դեռևս պարզ չէ: Սպանվել են ընտանիքներ, շատ տներ ու հիմնարկներ հրկիզվել են:

Զինյալների ներխուժումը խուճապ է առաջացրել քաղաքի բնակիչների մեջ.նրանց մի մասը թաքնվել է նկուղներում, իսկ մի մասն էլ տեղափոխվել է հարևան Էլ-Քութեյֆու: Զինյալները թալանում են փռերն ու մթերային պահեստները, նրանց ձեռքում են նաև մազութի պաշարները:

Տեղ հասած սիրիական զորքերը ծայրահեղականների հետ  պայքարի են ելել, սակայն նրանց քաղաքից վերջնականապես հանել չի հաջողվել: Ամենայն հավանականությամբ, ծայրահեղականները քաղաք են ներխուժել Իրաքի սահմանի կողմից: Նրանք այս գրոհով ակնհայտ միտում են ունեցել սիրիական բանակի ուշադրություն շեղել Քալյամուն լեռային տեղանքում իրականացվող օպերացիայից ու հրամանատարությանը ստիպել ուժերի մի մասը Ադրա ուղարկել:

Tags: