3/07 տեղամասի կահավորանքն անհարմար է, ցանկության դեպքում կարելի է հետևել քվեախցիկներում կատարվածին

DSCN38713/07  ընտրատեղամասը տեղակայված է Տեր Ղեվոնդյանի անվան երաժշտական դպրոցի նախասրահում: Տեղն այնքան փոքր է, որ շարժվելու տեղ գրեթե չկա: Երեք քվեախցիկները տեղակայցած են պատի մոտ, սակայն, դրսից ցանկացած մեկը կարող է դռան մոտ կանգնել ու հետևել  ծայրամասում գտնվող քվեախցիկում կատարվածին: Մյուս քվեախցիկն էլ տեսանելի է վերևից, որտեղ դիտորդների ու լրատվամիջոցների համար նախատեսված աթոռներն են տեղադրված: Նկատառմանը, թե կահավորանքն անհարմար է, ընտրատեղամասային հանձնաժողովի նախագահ Աբետնակ Մկրտչյանը նշեց, որ պայմաններն այդքանին են բավարարել· օրենքով յուրաքանչյուր  750 ընտրողին մեկ քվեախցիկ է հասնում, տեղամասում գրանցված է  1650 ընտրող, ուստի պետք է երեք քվեախցիկ լինի: Ասում է, որ հազիվ քվեախցիկների միջև անհրաժեշտ մեկ մետր հեռավորությունն են ապահովել, իսկ որպեսզի որևէ մեկը չխախտի քվեարկության գաղտնիությունը կամ չուղղորդի ընտրողներին, պետք է ուշադիր լինեն: Մեր ներս  մտնելու պահին, սակայն, մի անձ տեսախցիկով վերևից նկարահանում էր քվեախցիկների ներսը: Մեր դիտողությունից հետո նկարահանողին խնդրեցին քվեախցիկները ներսի կողմից չնկարել: Հանձնաժողովի նախագահը, չնայած ՔՀԻ դիտորդի առաջարկին, կատարվածի մասին արձանագրություն չկազմեց: Նշենք, որ ժամը տասներկուսի դրությամբ քվեարկել է 430 ընտրող: Տեղամասում ներկա են վստահված անձինք ՀԱԿ, Առաքելություն, ՀՅԴ, ՕԵԿ, ՀՀԿ և ԲՀԿ կուսակցություններից: ԲՀԿ վստահված անձ Անահիտ Պետրոսյանը  նշեց, որ օրվա ընթացքում խախտումներ չի նկատել, միայն մի պահ ընտրողների կուտակում է եղել, ինչի մասին տեղեկացրել է հանձնաժողովի նախագահին: Սակայն դրսում պարբերաբար կուտակումներ են նկատվում: Բակում իսկապես  մարդկանց կուտակումներ կային· մարդիկ խումբ-խումբ  հավաքված զրուցում են ընտրատեղամասի դիմավց:  Մինչդեռ ըստ օրենքի ընտրատեղամասի դիմաց հիսուն  մետր շառավղով մարդկային կուտակումներ չպետք է լինեն

: