Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 7/6 ընտրատեղամասում` ընտրական սենյակից մոտ տասը մետր այն կողմ, մի երիտասարդ էր շրջում` իր հերթին շրջապատված մի քանի այլ երիտասարդներով, որին հանձնաժողովի նախագահը ժամանակ առ ժամանակ մոտենում էր և ինչ որ բան ասում:
Նկատելով, որ երիտասարդը ողջ ընթացքում չի հեռանում տարածքից, մոտեցանք նրան` պարզելու, թե ով է: “Ես ստեղի աֆտարիտետն եմ”,-կատակեց նա, հետո գրպանից հանեց վստահված անձի փաստաթուղթը: Հանրապետական կուսակցության վստահված անձն էր` Նորայր Ղանդախչյանը:
Ավելի ուշ ընտրատեղամասի հանձնաժողովի անդամներից մեկը` Արշակ Մուսախանյանը (ՀԱԿ-ից), պատմեց, որ Նորայր Ղանդախչյանը դեռևս նախորդ ընտրություններին է աչքի ընկել իր պահվածքով: Մասնավորապես նախորդ վախի մթնոլորտ է փորձել տարածել: “Հանձնաժողովի նախագահը` ԲՀԿ-ական, ինձ զգուշացնում էր, որ զգույշ եղի, Ձուկը (Նորայր Ղանդախչյան) որ խփեց-խփեց”:
Նա նաև պատմեց, որ նախորդ անգամ անգամ ձայների հաշվարկի ժամանակ մեկ ժամ դադարեցրել են հաշվարկը` պատճառաբանելով, թե իբր սուրճ են խմում. “Շտապ տեղյակ պահեցի տարածքային շտաբ, մարդիկ եկան, և իրավիճակը վերահսկվեց: Րաֆֆին 80 ձայնով հաղթեց”,-պատմում է Արշակ Մուսախանյանը:
Ի դեպ, երբ Նորայր Ղանդախչյանը նկատեց, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչը մեզ հետ զրուցում է, մոտեցավ և վերջինիս առաջարկեց միասին լուսանկարվել, որպեսզի բոլորը տեսնեն, թե իրենք որքան “հաշտ” են:

