Այսօր խորհրդարանում մի խումբ լրագրողներ ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ինչպես կմեկնաբանի ՀՀ նախագահի ոչ վաղ անցյալում ասված խոսքը, որ եթե կառավարությունը չապահովի 7 տոկոս տնտեսական աճ, ապա պետք է հրաժարական տա, մինչդեռ կառավարությունն ապահովել է 5.5 տոկոս աճ, սակայն դեռևս տեղում է:
Աշոտյանն ասաց, որ եթե անգամ այս կառավարությունը տեսականորեն հրաժարական տա, ապա հաջորդ կառավարությունը կրկին ձևավորվելու է նույն քաղաքական թիմից, որը շատ լավ գիտի, թե իր ներսում ունի՞ ավելի լավ կադրային ռեսուրս, թե ոչ: «Նախագահի 7 տոկոս տնտեսական աճ ապահովելու ակնկալիքը քաղաքական հորդոր է եղել, և եթե ուշադիր նայենք ծրագիրը, ապա կտեսնենք, որ կառավարության կողմից դրված նվազագույն շեմը 5 տոկոս է: Հետևաբար մենք դնում են ցանկություններ, գաղափարներ, որոնց հասնելու համար գործադրում են ջանքեր, իսկ եթե այդ ցուցանիշներին չենք հասնում, ապա դուք հանգիստ եղեք, երկրի նախագահի փոխարեն մի մտահոգվեք, որովհետև վստահ եմ, որ նաև դուք եք վստահում իր քաղաքական գործունեությանը և վերլուծականներին, ուստի երբ որ ինքը հարկ համարի նման տեսակի խնդիրներ բարձրաձայնել, ապա կուսակցությունը կլինի առաջին ատյանը, որտեղ այդ խնդիրները կբարձրաձայնվեն»:
Իսկ քանի դեռ նման գործընթաց չկա, Աշոտյանը լրագրողներին խորհուրդ տվեց վայելել հայրենի կառավարության աշխատանքները, քաջալերել քննադատություններով և օգնել իրենց ավելի լավ աշխատել:
Tags: Ազգային ժողով, Արմեն Աշոտյան