Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Երևանում է

Թուրքիա,Ահմեդ Դավութօղլու, Երևան     Ւնչպես արդեն հաղորդել էինք՝ այսօր Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Երևանում մասնակցում է Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը: Դավութօղլուի այցին լայնորեն անդրադարձել է թուրքական մամուլը: Մասնավորապես «Անադոլու» գործակալությունը գրում է, որ Դավութօղլուն իր ելույթում Հայաստանին շնորհավորել է ՍԾՏՀ-ի նախագահության ժամանակահատվածում հաջող գործունեություն ծավալելու առիթով: Դավութօղլուն հայտարարել է, որ ՍԾՏՀ-ի հիմնադրումից հետո անցած 21 տարվա ընթացքում տարածաշրջանի հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը գնալով մեծացել է, և այս միությունը մեծ ներդրում է ունեցել տարածաշրջանում խաղաղության հաստատման և սևծովյան բոլոր երկրների  միջև սերտ հարաբերությունների հաստատման գործում: «Համաշխարհային տնտեսական խնդիրների լուծման համար հիմնական բանալին տարածաշրջանային համագործակցությունն է, որն այսօր մեծ կարևորություն ունի»,-նշել է Դավութօղլուն:

Իր հերթին թուրքական «Հաբերլերը» գրում է, որ արտգործնախարար Դավութօղլուն իր ելույթում հիշատակել է Թուրքիայի հանգուցյալ նախագահ Թուրգութ Օզալին, որին էլ պատկանում է ՍԾՏՀ կազմակերպության հիմնադրման գաղափարը: Խոսելով տարածաշրջանային խնդիրների մասին, Դավութօղլուն նշել է. «Մենք՝ որպես Թուրքիա, մեզ շրջապատող բոլոր խնդիրների լուծման համար այսուհետ ևս  շարունակելու ենք ակտիվ ջանքեր գործադրել, այնպես, ինչպես արել ենք մինչ օրս»:

 Անկախ

Tags: , ,