ՌԱՀՀԿ-ը հրապարակեց 2013 թվականն ամփոփող իր ուրվագիր-ձեռնարկը

Armenia 2013_ Overcoming the ChallengesՌազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում (ՌԱՀՀԿ) այսօր տեղի ունեցավ փորձագիտական խմբի ուժերով հրատարակված՝ «Հայաստան-2013. հաղթահարելով դժվարությունները» ուրվագիր-գրքույկի շնորհանդեսը: Ձեռնարկն ամփոփ ձեւով ներկայացնում է անցնող տարվա հասարակական-քաղաքական կյանքի առանցքային իրադարձությունները:

Դեպի ո՞ւր գնալ. Հայաստանը քաղաքակրթական ուղու որոնումներում, ի՞նչն էր բացակայում փետրվարին կայացած նախագահական ընտրություններում, որո՞նք են ահագնացող արտագաղթը զսպող գործոնները, որտե՞ղ փնտրել հասարակությանն առողջացման տանող ճանապարհը. այս եւ նման կարգի հրատապ լուծում պահանջող խնդիրների վրա է ՌԱՀՀԿ-ը սեւեռում ՀՀ վերլուծաբան-փորձագետների, քաղաքագետների, հասարակական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների ուշադրությունը, ովքեր էլ հրավիրված էին շնորհանդեսին:

Այն բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանը: «Ձեր դատին ներկայացվող սույն ուրվագիրը փոքր ծավալի մեջ շատ ավելի տարողունակ բովանդակություն դնելու, քաղաքական ու քաղաքացիական ներկա օրակարգում հանրային հստակ տեսակետ եւ դոմինանտ գաղափար ձեւավորելու փորձ է»,- ասաց Սարգսյանը:

Այնուհետեւ ձեռնարկում իրենց արծարծած թեմաների շուրջ խոսեցին ու հավելյալ պարզաբանումներ տվեցին Սարո Սարոյանը, Էդգար Վարդանյանը, Աշխեն Մուշեղյանը, Մանվել Սարգսյանը եւ Կարապետ Կալենչյանը:

Վերջում հեղինակների ու շնորհանդեսի մասնակիցների միջեւ ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն: