Վիրավորանք չկա, ընդհակառակը՝ Բադեյանն ասել է, որ փողոց մաքրող եզդին ավելի խելոք է

1343288018_mb

ՀՀԿ-ական պատգամավոր Մանվել Բադեյանն այսօր խորհրդարանում մի քանի լրագրողների մոտ, անդրադառնալով իր շուրջ տեղի ունեցող իրադարձություններին, հայտարարեց, որ ինքն իր վրա պատասխանատվություն վերցրեց հանրությանը տեղեկացնելու պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մոդելին անցնելու անհրաժեշտության մասին և հարձակումների թիրախ դարձավ. «Ինձ քաղաքական ընդիմախոս ընկալեցի, որն իհարկե, այդպես էլ կա, բայց հետո չափն անցան, անձնավորեցին և այլն և այլն»:

Ինչ վերաբերում է եզդի համայնքի հետ կապված միջադեպին, ապա Բադեյանն ասաց, ինքը մի քանի անգամ բացատրել է, թե ինչն ինչոց է, սակայն իր ուղղակի խոսքը ոչ ոք չի տպել. «Ուրեմն ձեր համար նորություն ա՞, որ կան ժուռնալիստներ, որոնք զբաղվում են բանսարկությամբ,-ասաց նա,- ես ընդամենը համեմատել եմ տվյալ լրագրողին փողոցը մաքրող եզդու հետ»:

«Անկախ»-ի դիտարկմանը, թե հատկապես ինչու՞ եզդի, Բադեյանն ասաց. «Հենց ըտենց, որովհետև դուք չգիտեք, որ փողոցները մաքրողների մեծամասնությունը եզդիներ են, առավոտները վեր կացե, մի հատ նայեք»:

Այնուամենայնիվ, «Անկախ»-ը մեկ անգամ ևս փորձեց ճշտել, թե իսկապե՞ս հանրապետական պատգամավորն իր ասածի մեջ որևէ վիրավորական տարր չի տեսնում. «Ոչ, որևէ վիրավորական տարր չեմ տեսնում,-հայտարարեց Մանվել Բադեյանը,-ընդհակառակը՝ ասում եմ, որ էդ եզդի փողոց մաքրողը էդ լրագրողից խելոք ա»:

Ինչ վերաբերում է լրագրողների կողմից կազմակերպված ստորագրահավաքին, որպեսզի Բադեյանի պահվածքը քննարկվի ԱԺ Էթիկայի հանձնաժողովում, ապա նա վստահ է, որ էթիկայի հանձնաժողովն իր դեմ որևէ քայլ չի ձեռնարկի, քանի որ ինքն էթիկայի նորմերը չի խախտել. «Ես էն մարդուն եմ ասել վիժվածք, ով որ բանսարկությամբ ա զբաղվել, ով որ հերյուրանք ա տարածում, իհարկե, նորից կկրկնեմ»:

Ի դեպ, նա անդրադարձավ նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի այն հայտարարությանը, որ կառավարության անդամները գարշահոտ կենդանիներ են. «Ուրեմն Զարուհի Փոստանջյանի ասածի մեջ վիրավորանք չկա, բայց որ ես լրագրողին համարում եմ ավելի պակաս ունակություն ունեցող, քան եզդի փողոց մաքրողը, դրա մեջ վիրավորանք կա…»,-զարմացած հայտարարեց Բադեյանը, ինչից հետո լրագրողներից մեկը նկատեց. «Բայց կառավարությունը չի վիրավորվել»:

«Դե թող լրագրողն էլ չվիրավորվեր»,-արձագանքեց Բադեյանը:

«Անկախ»-ի հարցին, թե ինչպես է այս միջադեպից հետո շարունակելու շփվել լրագրողների հետ, Բադեյանն ասաց. «Խելացի լրագրողների հետ շատ լավ՝ ինչպես տեսնում եք, բայց հիմար լրագրողների հետ չեմ էլ շփվելու»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին Ազգային ժողովում լրագրողներից մեկի հարցին, թե արդյոք նորմա՞լ է համարում «Ինչ, որտեղ, երբ» հաղորդման ռուսերեն լեզվով հեռարձակումը, Բադեյանն ասել էր. «Իսկականի՞ց էդքան անմակարդակ եք, որ ըտենց եք մտածում: Եթե փողոցում կանգնած մի եզդի էդ հարցը տար, չէի զարմանա, բայց դուք իսկականից ըտենց ե՞ք մտածում: Փողոցը մաքրող եզդին իսկի էդ հարցը չէր տա»:

Բադեյանի խոսքերից վիրավորված՝ «Սինջար» եզդիների միավորման անդամները պատգամավորին ավանակի պատկերով նկար և զուգարանի թուղթ էին «նվեր» բերել խորհրդարան, որպեսզի նա իր բերանը մաքրի։