Ո՞վքեր են Ահմեդ Դավութօղլուի հետ ժամանել Երևան

Ահմեդ Դավութօղլու,Սամսոն Օզարարատ Թուրքական «Հյուրիյեթը» անդրադարձել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի հետ Երևան եկած պատվիրակության կազմին: Հետաքրքրական է, որ արտգործնախարարին ուղեկցող լրագրողների թվում են նաև ստամբուլյան «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշը, ինչպես նաև «Յենի Շաֆաք» թերթի թղթակիցներից հայազգի Մարգար Եսայանը:

«Հյուրիյեթի» հաղորդմամբ՝ Դավութօղլուի հետ նույն ինքնաթռում գտնվել է ևս մեկ անակնկալ անուն՝ Սամսոն Օզարարատը: Ծնունդով Քոնիայից Օզարարատը հայտնի է 1990-ական թվականներին հայ-թուքրական մերձեցմանն ուղղված իր գործունեությամբ: Այժմ Ֆրանսիայի քաղաքացի հանդիսացող Օզարարատը մինչև վերջերս զբաղեցնում էր Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության գործադիր կոմիտեում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնը: «Հյուրիյեթի» մեկնաբանությամբ՝ Սամսոն Օզարարատին իր ինքնաթիռ հրավիրելու Դավութօղլուի քայլը կարելի է որակել որպես մի ժեստ՝ Հայաստան կատարած այս կարճ այցելության ընթացքում իբրև Թուրքիայի կողմից ձեռք մեկնելու ջանք: «Քանզի Անկարան այս այցով ցանկանում է ցույց տալ, որ Երևանի և Բաքվի միջև տարիներ շարունակ ընթացող բանակցություններում կառուցողական լուծման համար պատրաստ է միջնորդի դեր ստանձնել»,-գրում է թուրքական պարբերականը:

Tags: ,