«Գորիս» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները

 քրեակատարողական հիմնարկ
Հատուկ քննչական ծառայությունից Անկախին հայտնեցին, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Գորիս» քրեակատարողական հիմնարկի (ՔԿՀ) պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով ՔԿՀ-ում պահվող դատապարտյալների ու կալանավորված անձանց իրավունքներին և պետության օրինական շահերին էական վնաս պատճառելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Գորիս» ՔԿՀ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձինք 2013թ. հունվարի 1-ից մինչև նոյեմբերն ընկած ժամանակահատվածում, շահադիտական նպատակով, իրենց ծառայողական պարտականությունները չկատարելու միջոցով, խախտելով ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգը, քրեակատարողական հիմնարկում պահվող դատապարտյալներին և կալանավորված անձանց սահմանված չափաբաժիններով սնունդ, հիգիենիկ և անկողնային պարագաներ չեն տրամադրել, դատապարտյալների և կալանավորված անձանց մոտ հայտնաբերելով բջջային հեռախոսներ, դրսևորելով հովանավորչություն` քրեակատարողական հիմնարկի համապատասխան աշխատակիցների նկատմամբ ծառայողական քննություն չեն իրականացրել, դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց և այն ի կատար ածելու կարգադրությունն ստանալուց հետո օրենքով սահմանված ժամկետում դատապարտյալի պատիժը կրելու համար ուղղիչ հիմնարկի տեսակը չեն որոշել:
ՔԿՀ պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները չկատարելու կամ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերը նշված և մի շարք այլ դեպքերով ՔԿՀ դատապարտյալների և կալանավորված անձանց իրավունքներին, ինչպես նաև պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս:
Նախաքննությունը շարունակվում է:

Անկախ

Tags: