Ադրբեջանական «Թրենդի» արաբալեզու լրատվության ղեկավար Ռուֆիզ Հաֆըզօղլուն հանդես է եկել մեկնաբանությամբ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի Երևան կատարած այցի վերաբերյալ:
«Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի մասնակցությունը Սևծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստին ոչ միանշանակ է ընդունվել ինչպես Թուրքիայում, այնպես էլ Հայաստանում: Պարզ է, որ Անկարայում Թուրքիայի արտգործնախարարի այցից մեծ սպասելիքներ ունեին, կապված հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հետ: Ահմեդ Դավութօղլուն, որը «զրո խնդիր հարևանների հետ» գաղափարի հիմնադիրն է, Թուրքիայում ունի մեծ կշիռ՝ Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանի համեմատությամբ, որը նույնպես ժամանակին այց կատարեց Երևան: Չնայած նրան, որ Անկարայի կողմից իրականացվող «զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականությունը հաջողություններ ունեցավ որոշ երկրների հետ հարաբերություններում, այնուհանդերձ Հայաստանը չօգտվեց դրանից: Հայաստանը ամեն անգամ մերժում է Թուրքիայի մեկնած ձեռքը: Թուրքիայի ղեկավարներն էլ շատ լավ գիտեն, որ հայ-թուրքական հարաբերությունների լավացման հարցում անհրաժեշտ առաջընթաց չի գրանցվելու: Հայաստանից Դավութօղլուի վերադարձից հետո Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարեց, որ երկու երկրների միջև առկա խնդիրները մոտակա ժամանակում չեն լուծվի»,-նշել է Հաֆըզօղլուն:
Tags: հայ-թուրքական, Ռուֆիզ Հաֆըզօղլու