«Ալևիների ձեռքի հացը չի ուտվում». թուրք ուսուցչին ազատել են աշխատանքից

aleviԹուրքական «Cumhuriyet» թերթը գրում է, որ Մերսինի շրջանի Գազիփաշա միջնակարգ դպրոցում կրոնական մշակույթի դասի ժամանակ աշակերտներից մեկը, պատմելով կրոնական ծեսերից մեկի՝ կենդանիների զոհաբերության մասին, ասել է, որ իր ընտանիքն այդ տոնը մեկ այլ օր է նշում: Այդ ժամանակ ուսուցիչը աշակերտին ասել է, որ նման պարագայում նրա ընտանիքը ալևի է, և ալևիները մուսուլմաններ չեն:

Ալևիների մասին խոսակցությունները աշակերտների և ուսուցչի միջև շարունակվել է նաև հետո: Մեկ այլ դասի ժամանակ ուսուցիչը օգտագործել է «Ալևիների ձեռքի հացը չի ուտվում» արտահայտությունը՝ հարուցելով աշակերտների դժգոհությունը: Վերջիններս տեղի ունեցածի մասին պատմել են իրենց ծնողներին, ովքեր էլ ուսուցչի դեմ բողոք են ներկայացրել դպրոցին: Չնայած դրան՝ խտրական ուսուցիչը շարունակել է դասարան մտնել: Այնուհետև դպրոցի ծնողկոմիտեն դիմել է շրջանի կրթական վարչություն, ինչի արդյունքում ուսուցչին հեռացրել են աշխատանքից:

Մերսինում տեղի ունեցած վերջին շրջանում արդեն երրորդն է Թուրքիայում: Որոշ ժամանակ առաջ Ստամբուլի Ֆաթիհ Դավուդփաշա վարժարանում կրոնի ուսուցիչը դասի ժամանակ գրատախտակին երկու ճանապարհ էր գծել՝ մեկը մոլորյալների, մյուսը՝ ճիշտ ճանապարհով գնացողների համար: Ուսուցիչը քրիստոնյաներին, հուդայականներին և ալևիներին մոլորյալներ էր անվանել:

 

Tags: