Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ավարտվեց կայծակնային շախմատի Եվրոպայի առաջնությունը, որին մասնակցում էին 28 երկրների 437 խաղացողներ:
Ստուգատեսի պարգևատրման հիմնադրամը 10 հազար եվրո էր: Ուժեղագույնին ի հայտ բերելու համար շվեյցարական մրցակարգով անցկացվեց 11 տուր:
Հաղթող դարձավ ուկրաինացի Անտոն Կորոբովը, որը 22 հնարավորից հավաքեց 18,5 միավոր:17-ական միավորով 2-3-րդ տեղերը բաժանեցին Ֆրանսիայի ներկայացուցիչ Վլադիսլավ Տկաչևը և Բարտոշ Սոչկոն (Լեհաստան): Լրացուցիչ ցուցանիշով արծաթե մեդալակիր դարձավ առաջինը:
Հայաստանի պատվիրակներն անմասն մնացին խաղարկված պարգևներից:
Անցյալ տարվա այս ստուգատեսի փոխչեմպիոն Գաբրիել Սարգսյանը, ինչպես նաև Զավեն Անդրիասյանը 16,5–ական միավորով հայտնվեցին 4-7-րդ տեղերը բաժանողների խմբում: Լրացուցիչ ցուցանիշով Գաբրիելը ճանաչվեց 6-րդը, իսկ Զավենը՝ 7-րդը: Հայաստանի չեմպիոն Տիգրան Լ. Պետրոսյանը և գրոսմաստեր Կարեն Հ. Գրիգորյանը 16-ական միավորով 8-12-րդ տեղերը բաժանողների թվում են: Լրացուցիչ ցուցանիշով Տիգրանը ճանաչվեց 9-րդը, Կարենը եզրափակեց տասնյակը:
Խաղացողները Վարշավայում կմասնակցեն արագ շախմատի Եվրոպայի առաջնությանը:
Tags: շախմատ, սպորտ