Հարավային Աֆրիկայի առաջին սևամորթ նախագահ Նելսոն Մանդելայի հուղարկավորման արարողությունը այսօր առավոտյան տեղի է ունեցել նրա հարազատ Կունու գյուղում, որը գտնվում է երկրի հարավ-արևելքում: Արարողությանը մասնակցել են մի քանի հազար հարազատներ և ցեղակիցներ: «Ազգի հոր» գերեզմանի մոտ տեղադրված մի քանի տասնյակ թնդանոթներ կրակել են ի հիշատակ Մանդելայի:
Լեգենդար առաջնորդի հարազատների խնդրանքով արգելվել է արարողության ֆոտո և վիդեո նկարահանումները, քանի որ թաղումը իրականացվել է ցեղային ավանդույթներով: Այնուհանդերձ տեղական հեռուստատեսությունը ուղիղ եթերով հեռարձակել է արարողությունը:
Նելսոն Մանդելան մահացավ դեկտեմբերի 5-ին Յոհանեսբուրգի իր տանը 95 տարեկանում: Նա Հարավային Աֆրիկայի պատմության մեջ դարձավ առաջին սևամորթը նախագահը, որը այդ պաշտոնը զբաղեցրեց 1994 թվականի մայիսից մինչև 1999 թվականի հունիսը: Մանդելան, պայքարելով խտրականության ռեժիմի դեմ, բանտում անցկացրել է 27 տարի: 1993 թվականին նա արժանացել է Նոբելյան խաղաղության մրցանակի:
Tags: Աֆրիկա, Կունու, հուղարկավորություն, Նելսոն Մանդելա
