Քվեարկության երկրորդ փուլում Միշել Բաչելետը Չիլիի նախագահ է ընտրվել: Նրա հաղթանական ազդարարում է 4 տարվա ընդմիջումից հետո միացյալ “Նոր մեծամասնություն” ձախ կոալիցիայի իշխանության գալը:
Չիլիի ընտրական ծառայության տվյալներով, քվեաթերթիկների 98%-ի մշակումից պարզ է դարձել, որ Բաչելետը հավաքել է 62,2% ձայն, իսկ նրա մրցակցուհին` աշխատանքի նախկին նախարար Էվելին Մաթեին, որը ներկայացնում էր “Չիլիի ճակատ” կուսակցությունը, ստացել է ձայների 37,79%-ը: Մատթեին արդեն ընդունել է իր պարտությունը, իսկ գործող նախագահ Սեբաստյան Պինյերան Բաչելետին հեռախոսով ողջունել է հաղթանակի առթիվ:
Սա առաջին անգամն է, որ Չիլիում նախագահական աթոռի համար պայքարում էին երկու կին թեկնածուներ: Հետաքրքրականն այն է, որ նրանք ընկերություն են անում մանկուց ու 2 գեներալների դուստրեր են, որոնք 1973-ի սեպտեմբերի 11-ի պետական հեղաշրջումից հետո, երբ իշխանության եկավ Ավգուստո Պինոչետի ռազմական խունտան, հայտնվեցին բարիկադի տարբեր կողմերում:
Չիլիի ՌՕՈՒ-ի բրիգադի գեներալ Ալբերտո Բաչելետը հեղաշրջման առաջին իսկ օրը ձերբակալվեց հայրենիքը դավաճանելու մեղադրանքով, ապա, կտտանքների ենթարկվեց, ինչի հետևանքով էլ մահացավ բանտում սրտի նոպայից: Իսկ ՌՕՈՒ-ի գլխավոր հրամանատար Ֆերնանդո Մատթեին Պինոչետի ռազմական խունտայից էր, չնայած հեղաշրջմանը չէր մասնակցել.այդ ժամանակ նա գտնվում էր Մեծ Բրիտանիայում ու Չիլիի դեսպանատանը զբաղեցնում էր զինվորական ատտաշեի պաշտոնը:
Միշել Բաչելետը խոստացել է պաշտոնավարման անցնելուց հետո կրթության մեջ բարեփոխում կատարել` այն դարձնելով անվճար, նա մտադիր է նաև բարելավել առողջապահության ու թոշակի ապահովման համակարգերը: Բաչելետը կարծում է, որ անհրաժեշտ է փոփոխություն մտցնել Սահմանադրության մեջ, առաջարկում է թույլատրել աբորտները` բժիշկների ցուցմամբ ու բացահայտ քննարկումներ անցկացնել հասարակության մեջ` նույնասեռ ամուսնությունների շուրջ:
Չիլիի նոր նախագահը կրթությամբ բժիշկ է: Ռազմական հեղաշրջումից հետո նա ևս հայտնվել էր բանտում, ինչպես և նրա ծնողները, որոնք ձախ հայացքներ ունեին: Միշելին ազատ արձակեցին միայն միջազգային միջամտությունից հետո, որից հետո, անմիջապես նա մեկնեց արտասահման, սովորեց Արևմտյան Գերմանիայում ու վերադարձավ միայն Պինոչետի բռնապետության անկումից հետո: 2006-ին նա հաղթանակ տարավ ընտրություններում ու դարձավ Չիլիի առաջին կին նախագահը,պաշտոնավարեց 4 տարի ու իր թեկնածությունը չառաջադրեց նաև 2010-ին, քանի որ Սահմանադրությունն արգելում էր նախագահի պաշտոնը վարել 2 ժամկետ անընդմեջ:
Tags: Միշել Բաչելետ, Չիլի