ՀՅԴ Երևանի կոմիտե.Մասնակցեք Ազատության հրապարակում մեկնարկող ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին

ՀՅԴ2014 թվականի հունվարի 1-ից   ուժի մեջ  է մտնում բազմաստիճան կենսաթոշակային մի համակարգ, որի մի շարք դրույթներ  արդարացի ընդվզում են առաջացրել հասարակության ամենատարբեր շերտերում։   2014թ.  գործարկվող “Կուտակային կենսաթոշակների մասին՚”ՀՀ օրենքի համաձայն, 1974թ. և հետո ծնված ՀՀ քաղաքացիները պարտավոր կլինեն կուտակային մասնավոր ֆոնդերին  փոխանցել  իրենց  չհարկված աշխատավարձի 5-ից 10 տոկոսը։

Ըստ էության, օրենքով պարտադրվող կուտակային վճար գանձելն ու այն մասնավոր կենսաթոշակային հիմնադրամին ուղղելը ոչ իրավաչափ է և հակասության մեջ է մտնում Սահմադրության 45-րդ հոդվածի հետ՝ խախտելով Սահմանադրությամբ երաշխաված անձի սեփականության իրավունքը:

Օրենքով նախատեսված պարտադիր կուտակային բաղադրիչը հակասում է նաև սոցիալական պետության սահմանադրական համակարգին՝ խաթարելով Սահմանադրությամբ նախատեսված սոցիալական մի շարք իրավունքների պատշաճ իրականացումը: Հիմնավորված չէ նաև պետության կողմից ֆոնդերի երաշխավորությունը պետբյուջեի վրա թողնելը։

Քաղաքացիների կողմից կատարված վճարների տնօրինումը օտարերկրյա մասնավոր ընկերություններին հանձնելը մի շարք իրավական, տնտեսական ու սոցիալական խնդիրներ է առաջացնում՝ կապված գումարների երաշխավորելիության, գումարները երկրից դուրս հանելու, ինչպես նաև ֆոնդերի կառավարման, դրանց  թափանցիկության հետ։

Առաջարկվող մոդելը  միջազգային պրակտիկայում լինելով աննախադեպ, ակհայտորեն ռիսկային է և  ոչ միայն չի ապահովում կենսաթոշակային համակարգի առջև ծառացած խնդիրների ամբողջական լուծումը, այլև  չի երաշխավորում ապագա սերունդների արժանապատիվ կենսաթոշակ ստանալու հնարավորությունը:

Ավաղ, վերոնշյալ  և մի շարք այլ հիմնախնդիրների շուրջ անդրդվելի և անտարբեր մնացին կառավարությունն ու խորհրդարանական կոալիցիան՝  մերժելով անգամ  Ազգային ժողովում հարցը  քննարկելու և օրենքի գործադրումը մեկ տարով հետաձգելու ՀՅԴ, ԲՀԿ, ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ և ՀԱԿ խորհրդարանական խմբակցությունների նախաձեռնությունը: “ՙԿուտակային կենսաթոշակների մասին՚”ՀՀ օրենքի սահմանադրականությունը խորհրդարանական չորս ուժերը կվիճարկեն Սահմանադրական դատարանում։

ՀՅԴ Երևանի կոմիտեն՝  կարևորելով  ՀՀ օրենքների սահմանադրականությունը, պաշտպանված և երաշխավորված իրավունքներով ու արժանապատիվ ապագայով հասարակություն ունենալու գերխնդիրը,  կոչ է անում երևանցիներին մասնակցելու  դեկտեմբերի 17-ին, ժամը 12:-30-ին  Ազատության հրապարակում մեկնարկող  ԸՆԴԴԵՄ կենսաթոշակայինի երթին։

Սիրելի երևանցիներ, միասին պայքարենք հանուն մեր իրավունքների, հանուն սոցիալական և իրավական երկրի։

 

   ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅԱՆ  ԵՐԵՎԱՆԻ  ԿՈՄԻՏԵ

 Անկախ

Tags: , ,