Ադրբեջանում ձերբակալվել է ընտրությունների մոնիթորինգի կենտրոնի ղեկավարը

մամեդլիԲաքվում ձերբակալվել է Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի նախագահ Անար Մամեդլին: Նա, ինչպես նաև կենտրոնի գործադիր տնօրեն Բաշիր Սուլեյմանլին և կենտրոնի կամավորների միջազգային համագործակցության հարցերով զբաղվող գործընկեր հասարակական կազմակերպության ղեկավար Էլնուր Մամեդլին հարցաքննության են կանչվել գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հետաքննչական վարչություն, հաղորդում է “Կոնտակտ” կայքը:

Ավելի ուշ դատարանը Անար Մամեդլիի նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրել եռամսյա կալանաքը: Նա զրկվել է իր փաստաբանի հետ շփվելու հնարավորությունից: Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը կենտրոնի նկատմամբ հետաքննություն է սկսել հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքների հոդվածներով:

Կենտրոնն իրականացրել է հոկտեմբերի 9-ի նախագահական ընտրությունների մոնիթորինգ և արձանագրել է բազմաթիվ խախտումներ: Մի շարք փորձագետներ այս գործընթացը և Մամեդլիի ձերբակալությունը պայմանավորում  են նրանց կողմից ընտրությունների խիստ քննադատությամբ:

Tags: