Վիտամինները ոչ կաթվածից կպաշտպանեն, ոչ էլ` ինֆարկտից

52afbc9c-f1b6-4314-f1b6-431b12af6713.photo.0Մուլտիվիտամինների ու հանքային հավելիչների օգտագործումը չի կարող կանխել ինսուլտը կամ էլ բարելավել հիշողությունը: Նման եզրահանգում են կատարել ամերիկացի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակվել են Annals of Internal Medicine ամսագրում:

Վիճակագրության համաձայն, ԱՄՆ-ի հասուն բնակչության կեսից ավելին մուլտիվիտամիններ է ընդունում: Ընդ որում, շատերը հույս ունեն այդ կերպ նվազեցնել սիրտ-անոթային հիվանդությունների  կամ էլ քաղցկեղի ռիսկը, բարելավել հիշողությունը:

“Ոչ մի ապացույց չկա, որ վիտամիններն ու հավելիչներն օգուտ են բերում… Դրանք չեն կարող կանխել ինսուլտը կամ էլ ինֆարկտը”,- ասում է Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնական Էդգար Միլլերը` հետազոտություն  համահեղինակներից մեկը:

Հոդվածը, որը վերնագրվել է`”Բավական է, հերիք է գումար ծախսեք վիտամինների ու հանքային հավելիչների վրա”, հիմնված է 3 տարբեր ուսումնասիրությունների վրա: Դրանցում վերլուծվում են վիտամինների ազդեցությունը սրտի  և ընդհանրապես` 65-ից բարձր անձանց վրա: Գիտական առաջին ուսումնասիրության մեջ 27 հետազոտությունների արդյունքներ են, որոնց մասնակցել է ավելի քան 450 հազար մարդ: Դրանց հիման վրա էլ գիտնականները եկել են այն եզրահանգման, որ մուլտիվիտամինները չեն նպաստում սիրտ-անոթային հիվանդությունների ու քաղցկեղի կանխմանը: Պարզվել է նաև, որ բետա-կարոտին ընդունող ծխողների մոտ մեծանում է թոքերի քաղցկեղի զարգացման վտանգը:

Երկրորդ հետազոտությունն ապացուցեց, որ վիտամինները չեն նվազեցնում սրտի կրկնվող նոպայի վտանգը: Երրրորդը` վկայեց, որ վիտամինները չեն բարելավում հիշողությունը: Ուսումնասիրությանը մասնակցել է 65-ից բարձր 6 հազար տղամարդ: Նրանցից ոմանք 12 տարի օգտագործել էին մուլտիվիտամիններ, իսկ մյուսները“ պլացեբո: Պարզվեց, որ դրանց ազդեցությունը միանման է:

Ինչպես նյութում է ասվում, վիտամինների ու սննդային հավելիչների արդյունաբերությունը բավական շահութաբեր է` տարեկան` շուրջ 12 մլրդ դոլար:

Tags: