9/28 ընտրատեղամասում 18:15 դրությամբ 1900 ընտրողներից քվեարկել է 1100-ը:
Մեր ներս մտնելու պահին ընտրատեղամասում ներկա էր ՀՀԿ-ի երեք վստահված անձ· մեկը խոսում էր, որ պիտի ընտրության գնա, մյուս երկուսը ընտրությունների ընթացքին էին հետևում: Երբ բարձրաձայնում ենք, որ նույն կուսակցությունից միաժամանակ երեք դիտորդ է ներկա ընտրատեղամասում, հանձնաժողովի անդամ Արմենուհի Ղազարյանը միջամտում է ու մեկին առաջարկում դուրս գալ: Դիտորդներից մեկը սրահից հեռանում է ու կանգնում դռան մոտ:
Ընտրատեղամասի դիմաց մեքենաների կուտակումներ են: Սակայն ներսում թե ԲՀԿ-ի, թե ՀՅԴ-ի, թե Առաքելության վստահված անձինք նշում են, որ որևէ խախտում չեն տեսել, դրսի անցուդարձից տեղյակ չեն, իսկ ներսում ամեն ինչ նորմալ է ընթանում:
ՀՅԴ-ի վստահված անձ Պողոս Փամոյանը, հարցին, թե արդյոք առանց փաստաթղթի մարդիկ եղել են ընտրատեղամասում, ասում է, թե երևի բոլորն էլ «ջեբերում փաստաթուղթ ունեն»:
Հանձնաժողովի անդամ Արմենուհի Ղազարյանը պարբերաբար կուտակված անձանց առաջարկում է դուրս գալ, բայց ապարդյուն: Վերջիններս լավագույն դեպքում մեկ քայլ այն կողմ են գնում:
Ընտրատեղամասում ներկա է նաև Իրինա Միրզոյանը, ով դիտորդի կիսատ փաստաթղթերով է: Հարցին, թե ուր են ամբողջական փաստաթղթերը, ասում է պայուսակի մեջ, ապա հանում ու ցույց տալիս ՀՀԿ վստահված անձի փաստաթուղթ· ստացվում է, որ միաժամանակ տեղամասում էլի ՀՀԿ երեք վստահված անձ է ներկա:
Մուտքի մոտ կուտակված առանց փաստաթղթերի անձինք էլ վստահեցնում են, թե վստահված անձինք են, երկուսը ցույց են տալիս ԲՀԿ վստահված անձի վկայական, այսինքն տեղամասում ԲՀԿ-ն էլ առնվազն երեք վստահված անձ ունի:
Ընտրատեղամասում օրվա ընթացքում նաև միջադեպ է գրանցվել· Ղազարյանը ընտրատեղամասում կուտակվախծ քսան անձանց առաջարկել է դուրս գալ, սակայն վերջիններս սկսել են աղմկել: Դիմել է ոստիկանների օգնությանը:
Tags: Երևանի ավագանու ընտրություններ