Human Rights Watch .Ադրբեջանում Անար Մամեդլիի կալանքը տագնապալի ազդանշան է

մամեդլիԱդրբեջանում ընտրությունների մոնիթորինգի ոլորտում ականավոր մասնագետի ձերբակալությունը վկայում է, որ իշխանությունները մտադիր են “փակել” նրանց բերանը, ովքեր հետաքննում են  ընտրակեղծիքները: Այսպիսի հայտարարություն է արել միջազգային “Human Rights Watch” իրավապաշտպան կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով ներկայացուցիչ Գորգի Գորիան, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” կայքը:

“Անար Մամեդլիի (Ադրբեջանում Ընտրությունների մոնիթորինգի և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնի նախագահ) ձերբակալությունը արտացոլում է կառավարության ձգտումը`լռեցնելու իր քննադատներին:  Իշխանություննները պետք է անհապաղ ազատ արձակեն Մամեդլիին և չեղյալ հայտարարեն նրա դեմ ներկայացված մեղադրանքները, որոնց հիմքում քաղաքական դրդապատճառներ են”, -ասել է Գոգիան:

Գոգիայի խոսքով՝ Մամեդլիի ձերբակալությունը տագանապալի ազդանշան է բոլոր ակտիվիստների համար, ովքեր քննադատում են կառավարությունը: “Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի իշխանությունների վրա՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Մամեդլիին”,-ասել է Գոգիան:

Անար Մամեդլին ձերբակալվել է դեկտեմբերի 16-ին: Ավելի ուշ դատարանը Անար Մամեդլիի նկատմամբ որպես խափանման միջոց  է ընտրել եռամսյա կալանաքը: Նա զրկվել էր իր փաստաբանի հետ շփվելու հնարավորությունից, այնուհետև իշխանությունները փորձել են նրան պարտադրել օգտվել իրենց փաստաբանի ծառայություններից: Դեռ հոկտեմբերի վերջին դատախազությունը կենտրոնի նկատմամբ հետաքննություն է սկսել “հարկերից խուսափելու, անօրինական ձեռնարկատիրության և պաշտոնական լիազորությունների չարաշահման մեղադրանքների” հոդվածներով:

Հավելենք, որ Մամեդլիի գլխավորած կենտրոնը ապացուցել էր, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները կեղծվել են և չեն եղել ազատ ու արդար: Նմանատիպ արդյունքներ էր ներկայացրել նաև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը:

 

Tags: