Ադրբեջանը կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագիր կստորագրի Եվրամիության անդամ յոթ երկրների հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի հարկերի նախարարության միջազգային կապերի բաժնի ղեկավար Մեթին Քերիմլին, հաղորդում է ադրբեջանական “Թրենդ” գործակալությունը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին զգալիորեն ընդլայնվել է նմանատիպ երկրների ցանկը: “Ադրբեջանի ստորագրած համանման 45 համաձայնագրերից 41-ը գործում է: Մնացածները կսկսեն գործել համապատասխան գործընթացների ավարտից հետո: Այս ոլորտում նախարարությունը զգալի աշխատանքներ է տանում”, -ասել է Քերիմլին:
Ըստ նրա՝ ԵՄ անդամ 28 երկրներից 20-ի հետ արդեն գործում են կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագրերը:
“Իսպանիայի և Դանիայի հետ բանակցություններն ավարտվել են, իսկ Պորտուգալիայի, Շվեդիայի, Մալթայի, Իռլանդիայի և Սլովակիայի հետ բանակցությունները շարունակվում են: Հուսով եմ` դրանք կավարտվեն մոտ ապագայում”, -նշել է ադրբեջանցի պաշտոնյան:
Tags: ադրբեջան
