Լոնդոնի “Ապոլլո” թատրոնի առաստաղի մասնակի փլուզման հետևանքով դահլիճում ավելի քան 80 մարդ է տուժել, 7-ը լուրջ վնասվածքներ են ստացել: Զոհեր չկան:
Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել, որ “բալկոնի” մի մասն է քանդվել, ապա տեղեկություն ստացվեց առաստաղի մի հատվածի փլուզման մասին: Դրանից հետո, թվով 720 մարդ դուրս է բերվել դահլիճից: Տուժածներին տեղում օգնություն է ցուցաբերվել, մի քանի մարդ էլ հոսպիտալացվել է: Պատահարի վայր են կանչվել որոնողական բրիգադներ` համոզվելու, որ փլատակի տակ մարդիկ չկան: Փրկարարներն ասում են, որ քանդվել է դեկորատիվ ծեփաշերտը, ինչի հետևանքով դահլիճը լցվել է փոշու թանձր ամպով: Դահլիճը հաշվարկված է 775 տեղի համար:
Թատրոնի շենքի բացումը կատարվել է 1901-ին, այն պետության պաշտպանության ներքո է որպես ճարտարապետական հուշարձան:
Հանդիսատեսները փլուզման պահին անգամ գլխի չեն ընկել, թե ինչ է կատարվել.”Երբ դերասանը բեմից ձեռքով արեց ու գոչեց`”Զգուշացիր”, ես կարծեցի, թե դա դերից է, իսկ երբ փոշի լցվեց, ոչ մի բան չէր երևում ու մեզ ասացին, որ դուրս գանք”-պատմել է մի հանդիսատես:
Ներկայում կատարվածի հետաքննությունն է ընթանում:
Tags: թատրոն