ԱԺ արտահերթ նիստ. պատգամավորները փորձում են հասկանալ՝ որտեղ է թաքնված շան գլուխը

B7F221A8-A989-47EB-BBD3-9768AFDDACA0_mw1024_n_sԱզգային ժողովում արտահերթ կարգով քննարկում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որով “Հայռուսգազարդի” 20 տոկոսը վաճառվում է ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով:

ՀՀ է Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ համաձայնագիրը կնպաստի գազի բնագավառում երկու երկրների միջև երկարաժամկետ փոխգործակցության զարգացմանը:

Նախարարին հարցեր տալու համար հերթագրվեց 25 պատգամավոր:

ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հետաքրքրվեց Հայաստանի կուտակած 300 միլիոն պարտքով: Բացի այդ հարցրեց. «Այս համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետ ի՞նչ է մեզ սպասվում, հետագայում մենք կարողանալո՞ւ ենք այլընտրանքային գազի խնդիրը լուծել»:

Նախարարը պատասխանեց, որ 300 միլիոն դոլարի մի մասը պետք է վճարի Հայաստանը, մի մասը՝ Ռուսաստանը: Ինչ վերաբերում է սահմանափակումներին, ապա նախարարը հավաստիացրեց, որ համաձայնագրով որևէ սահմանափակում դրված չէ: «Եթե որևէ այլ երկրից էժան գազ գնելու հնարավորւթյուն լինի, կարող ենք փոխարինել դա Ռուսաստանի գազով»,-ասաց նա:

Ժառանգություն խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հարցրեց, որ եթե վաղը մյուս օրը Ռուսաստանը որոշի իր բաժնետոմսները վաճառել Թուրքիային կամ Ադրբեջանին, ինչպիսի՞ լծակներ ունի Հայաստանը դա կանխելու՝ հատկապես որ համաձայնագիրը մինչև  2043 թվականն է, և դրա հետ ծագող իրավունքներն ու շահերը ենթակա չեն փոփոխության, լրացումների, հետկանչման առանց ռուսական կողմի հետ համաձայնեցման:

Նախարարը նշեց, որ ըստ համաձայնագրի՝ Ռուսաստանը կարող է այդ բաժնետոմսերը վաճառել իրեն փոխկապակցված ընկերությունների, այն էլ՝ միայն հայկական կողմի համաձայնության:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր հարցը սկսեց այն նկատառումով, որ հնարավոր է, որպեսզի պետական գործիչը միշտ չասի իրականությունը, բայց երբեք պետք չէ ստել: «Այսօր ես որպես պատգամավոր և ՀՀ քաղաքացի, ինձ խաբված եմ զգում, որովհետև Դուք անձամբ բազմիցս այս ամբիոնից հերքել եք, որ Հայաստանի համար գազի գինը բարձրացել է,-ասաց Օսկանյանը,-ակնհայտ է, որ տարիների ընթացքում կամ ամիսների, ՀՀ-ն պարտք է կուտակել, և ԱԺ-ն այսօր կանգնել է փաստի առաջ և պետք է հավանություն տա նման պարտքի կուտակմանը՝ մասնակից դառնալով այդ գործընթացին»:

Նախարարը պատասխանեց, որ ինքը երբեք չի ասել, որ գազի գինը չի բարձրացել: «Ասել եմ, որ Հայաստանում գինը չի բարձրանալու և ասել եմ, որ բանակցություններ են գնում, վերջնական գինը կճշտենք և կասենք: Մենք պայմանավորվեցինք, որ ՀՀ-ում գազի սպառումը իրականացնում ենք նախկին գնով, մինչև բանակցությունները կավարտվեն: Հիմա էլ բանակցություններն ավարտվել են, և ասում ենք»:

Անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը հետաքրքրվեց, թե ինչու է համաձայնագրում անորոշ Ղարաբաղին գազ մատակարարելու հարցը՝ միաժամանակ նշելով, որ համաձայնագրում ամրագրված է, որ Հայաստանն արտահանման իրավունք չունի:

Նախարար պարզաբանեց, որ Ղարաբաղը դիտարկվում է որպես մեկ բաժանորդ Հայռուսգազարդ ընկերության համար, և դա այդպես էլ կշարունակվի: «Ճիշտ է՝ համաձայնագրում այդ մասով դեռ չինչ չկա, բայց հետո ավելի բաց տեքստով կլինի: Որևէ խոչընդոտ լինել չի կարող»:

Քոքոբելյանը արձագանքեց ՝ ասելով, որ պայմանագրում պարտավոր էր ինչ որ կետով նշել մեկ բաժանորդ լինելու հանգամանքը՝ գործընկերներին կոչ անելով չմասնակցել այս հակապետական գործարքի կայացմանը:

Այնուհետև ելույթ ունեցավ գազի թնջուկն ամիսներ շարունակ լուծել փորձող և վերջին օրերին իր բացահայտումներն արած Արամ Մանուկյանը: Նա հարցրեց, թե ինչո՞ւ այդ 300 միլիոն դոլլարը պետական պարտք չի ձևաակերպվել և որևէ տեղ չի երևացել, բացի այդ ո՞վ է գնահատել, որ 20 տոկոսը հավասար է  155 միլիոն դոլլարի:

Նախարարը պատասխանեց, որ իրենց գնահատմամբ՝ բավականին հաջող բանակցությունների արդյունքում է այդ թիվը որոշվել:

Արամ Մանուկյանը դիմեց նաև ՀՀԿ խմբակցությանն ու ԱԺ ղեկավարությանը՝ կոչ անելով ուսումնասիրել այդ ոլորտի 22 արձանագրությունները, որոնք, ըստ նրա, գաղտնի են պահվում. «Ես վեց ամսվա արդյունքում տեսել եմ միայն մեկ արձանագրություն: Մինչև բոլոր արձանագրությունները չնայեք, քվեարկության մի դրեք այս հարցը, որովհետև հնարավոր է, որ շան գլուխը հենց այդտեղ է թաղված, ես համոզված եմ, որ Դուք էլ շատ բաներ չգիտեք, պարոն Աբրահամյան»,-ասաց Մանուկյանը:

ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հիշեցրեց, որ Գազպրոմի գլխավոր տնօրենի կողմից հայտարարվեց, որ գազը սահմանին լինելու է 188 դոլար, սակայն 48 ժամվա կտրվածքով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ ՀՀ-ում գազի սակագինը անփոփոխ է լինելու, իսկ ԱԺ փոխխոսնակը հակտարարեց, որ գազի սակագինը ՀՀ քաղաքացին սպառելու է ավելի ցածր: «Դուք ի վերջո կարո՞ղ եք ասել՝ հայ քաղաքացին ի՞նչ սակագնով է սպառելու գազը»,-հարցրեց նա:

Նախարարը վերահաստատեց, որ սակագները որևէ փոփոխության չեն ենթարկվելու ինչպես ՀՀ-ում, այնեպս էլ ԼՂՀ-ում:

ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նախ տեղեկացրեց, որ հակապետական այս ակցիայի դեմ քաղաքացիները բողոքի ցույց են անում, և ոստիկանները տասնյակ մարդկանց լցրել են ոստիկանական մեքենաներ. «Ես պահանջում եմ ազատել այդ քաղաքացիներին, որպեսզի նրանք կատարեն սահմանադրությամբ ամրագրված իրենց իրավունքները»,-ասաց պատգամավորը:

Այնուհետև Փաշինյանը հայտարարեց, որ բազմիցս նախարարին հարցրել են գազի գնի սակագնի բարձրացման վերաբերյալ, սակայն նա հերքել է: «Եթե մենք լինեինք քրեակատարողական հիմնարկում, ես կհասկանայի հարցերին պատասխանելու այդ ձևը, բայց հազար ներողություն, ես չեմ կարծում, որ կրուտիտը այն ժանրն է, որով նախարարը պետք է շփվի ՀՀ քաղաքացիների և Ազգային ժողովի հետ: Այս տեսակետից ես անիմաստ եմ համարում Ձեզ որևէ հարց տալը: Ես հարց չունեմ Ձեզ տալու, պարոն նախարար»,-ամփոփեց Փաշինյանը:

Անկախ

Tags: