Ազգային ժողովում արտահերթ կարգով քննարկում են 2013 թվականի դեկտեմբերի 2-ին Երեւանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի առուվաճառքի եւ հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագիրը, որով “ՀայՌուսգազարդի” 20 տոկոսը վաճառվում է ռուսական կողմին մոտ 63 միլիարդ 399 միլիոն դրամով:
Ժառանգություն խմբակցության անդամ Ռուբեն Հակոբյանի համար զարմանալի է, որ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարն իր հարցին, թե 300 միլիոն պարտք կուտակելը չի՞նշանակում, որ կոպտորեն խախտվել են Սահմանադրությունն ու օրենքները, պատասխանեց՝ ոչ, ինչպես նաև խախտում չի համարում այն, որ պետական գույքի մասնավորեցման ցանկում չկա քսան տոկոս բաժնեմասի մասին խոսք, սակայն դրա շուրջ բանակցություններ են ընթացել:
“Դուք մեզ ե՞ք ձեռ առնում, թե՞ ձեզ,-հարցրեց Հակոբյանը,-դուք ձեռ եք առնում մեր պետությանը, որտեղ բոլորս ենք”:
Պատգամավորի մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունն ասում է՝ ճիշտ է՝ գործարքը սև է, բայց մեջն այնքան սպիտակ բաներ կան, որ պետք է նայեք՝ որպես սպիտակ:
“Բավական է մուրացկանությունը որպես առավելություն փաթաթեք այս ժողովրդի վզին: Լավ աշխատենք, որ պարտք չունենանք”,-ասաց Ռուբեն Հակոբյանը:
Ըստ պատգամավորի՝ տրամաբանական է, որ Ռուսաստանն իր ապրանքը առաջարկել է ինչ որ գնով, հայկական կողմն էլ սակարկել է, բայց դրանից հետո ենթադրվում էր, որ բանակցող հայկական կողմը պետք է ներկայանար ժողովրդին և ասեր՝ բանակցեցինք և այս պատկերը ստացանք, համաձա՞յն եք:
“ԱԺ-ն կամ կասեր՝ այո, կամ ոչ: Բայց դուք չեք տեղեկացրել մեզ, իսկ պարտքը կուտակվել է: Ուրեմն դուք էլ անձնապես վճարեք”:
Ռուբեն Հակոբյանը նաև չի ընդունում, որ գազի գնի բարձրացման մասին հարցումներին ի պատասխան՝ տրվել են բացասական պատասխաններ, սակայն իմանալով, որ խափում են: “Ո՞ւր եք գնում այսպես: Ես չեմ կիսում հակառուսական հիստերիան. լավ էլ արել են, կարողացել են արել են, դուք էլ արեք”:
Ռուբեն Հակոբյանը մտահոգություն ունի, որ այս նույն տրամաբանությամբ կառավարությունը կարող է այնքան պարտք կուտակել և գաղտնի պահել ժողովրդից, որ մի օր էլ գա և ասի. “Եկեք էս տասը հազար կիլոմետրը տանք, պրծնենք”:
Պատգամավորն ավելի ճիշտ է համարում այն, կառավարությունն ասեր ճշմարտությունը և նշեր, որ այո՝ համապետական ընտրություններ ունեինք, եթե հայտարարեինք գազի գնի բարձրացման մասին, ապա ձայն չէինք ստանա: “Դա ավելի տղամարդկային կլիներ,-կարծում է նա,-բայց դուք էս երեք ամիս է՝ մեզ ֆռռացնում եք: Ձեզ իրավունք եք վերապահել տնօրինելու պետության սեփականությունը և ասել, որ նման բան տեղի չի ունեցել: Ես էլ ձեզ հավատացի ու ծափահարեցի”,-հեգնեց նա:
Ռուբեն Հակոբյանը հայտարարեց, որ իսկապես վտանգավոր բան է կատարվում մեր պետության մեջ, որը վատ հեռանկար է խոստանում ապագա սերունդներին:
Նա հորդորեց հետ տանել այս նախագիծը, քանի որ ըստ պատգամավորի՝ արտահերթ կարգով չի կարելի այսպիսի կարևոր հարց քննարկել՝ փաստաթուղթն էլ պատգամավորների սեղաններին դնելով ընդամենը երեք ժամ առաջ:
Այնուամենայնիվ, եթե հարցը քվերակության դրվի, ապա նա տեղեկացրեց, որ Ժառանգությունը դեմ է քվեարկելու:
Tags: Ազգային ժողով, Ռուբեն Հակոբյան